Վրաստանում մայիսի 19-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական միջանկյալ ընտրություններ: 5 քաղաքում (Զուգդիդի, Զեստաֆոնի, Ճիաթուրա, Խուլո, Մառնեուլի) ընտրում էին քաղաքապետերի, իսկ Թբիլիսիի կենտրոնական` Մթածմինդայի ընտրատեղամասում ընտրում էին պատգամավորի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, բոլոր տեղերում հաղթել են իշխող «Վրացական երազանքի» թեկնածուները: Միայն Մթածմինդայում է տեղի ունեցել ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չէր կարողացել հավաքել 50%+1 ձայն:
Մայիսի 19-ին երկրի ողջ քաղաքական էլիտայի ուշադրությունը սևեռված էր Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններին: Այնտեղ «Միացյալ ընդդիմության» թեկնածուն էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը: Ընդդիմությունը հայտարարում էր, որ «իշխանափոխությունը սկսվելու է հենց Զուգդիդիից»: Այս քաղաքը և շրջանը 2012 թվականի իշխանափոխությունից հետո դարձել է գործող և նախկին իշխանությունների հիմնական կռվի դաշտը: 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս շրջանում ծեծի էին ենթարկվել ընդդիմության մի քանի կարկառուն դեմքեր: Ընդդիմությունն այս ընտրություններում ամենաբարձր ցուցանիշներից մեկը գրանցեց: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու Գիորգի Շենգելիան ստացել է ընտրողների 54.1, իսկ «Միացյալ ընդդիմության» թեկնածու Սանդրա Ռուլոֆսը` 42.42 տոկոսի վստահության քվեն:
Ընտրությունները հետաքրքիր էին նաև Մառնեուլիում, որտեղ իշխող թիմի թեկնածու Զուր Դարգալին ձայների 78.6 տոկոսը ստացավ, թեև իր նախկին գործընկերը` իշխող թիմի ներկայացուցիչ հանդիսացող նախկին քաղաքապետն այժմ քրեական գործով է անցնում: Նա մեղադրվում է քաղաքացու հանդեպ անմարդկային վերաբերմունքի մեջ: Նախկին քաղաքապետ Թեմուր Աբազովն իր և կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հասցեին հնչեցրած հայհոյանքի համար քաղաքացուն ստիպել էր միզել, այնուհետև մեզը քսել երեսին: Այդ ամենը նկարահանվել էր և տարածվել Facebook սոցիալական ցանցի միջոցով: Այնուամենայնիվ, իշխող թիմի ներկայացուցիչն անգամ այս միջադեպից ամիսներ անց նման արդյունք գրանցեց:
Թերեւս ամենից հետաքրքիրը Ճիաթուրան էր: Ընտրություններից օրեր առաջ հանքափորները գործադուլ էին հայտարարել, պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: Այդ շրջանում, նրանց հանդիպեցին իշխող թիմի առաջնորդներից Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վերջիններս, նախընտրական շրջանում խոսում էին աշխատավորների աշխատանքային իրավունքների մասին, որոնք, ըստ տարբեր հետազոտությունների (օրինակ` EMC-ի կողմից իրականացված հետազոտությունը) խախտվում են անընդհատ: Այս քաղաքում, որի տնտեսական հիմնական աղբյուրը մանգանի հանքարդյունաբերությունն է, պարբերաբար ցույցեր և գործադուլներ են լինում` վերը նշված պահանջով:
Իշխող թիմի առաջնորդներին ցուցարարները չթողեցին նույնիսկ խոսել և վերջիններս ստիպված հեռացան ցույցի վայրից: Սակայն, ընդամենը օրեր անց ընտրություններում հաղթեց «Վրացական երազանքի» թեկնածու Գիվի Մոդեբաձեն (64.58%), իսկ ընտրություններից օրեր անց քաղաքը պարալիզացվեց: 2012 թվականի իշխանափոխությունից հետո առաջին անգամ նման իրադարձություն տեղի ունեցավ Վրաստանում: Դպրոցները, մանկապարտեզները և այլ հաստատություններ գործադուլ էին հայտարարել ի համերաշխություն հանքափորների: Ամբողջ քաղաքը փողոց էր դուրս եկել և ի վերջո հանքափորների պահանջները հաշվի առնվեցին:
Նույնը տեղի ունեցավ նաև Մթածմինդայում: Խորհրդարանի միջանկյալ ընտրություններում այս ընտրատարածքում 20 թեկնածու էր գրանցված, թեև դրանցից շատերը ֆիկտիվ թեկնածուներ էին, որոնք նախընտրական քարոզարշավ չեն անցկացրել, չեն հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում և, հետևաբար, նաև ընտրություններին որևէ նշանակալից արդյունք չեն գրանցել: Միևնույն ժամանակ, այդտեղ ի հայտ էին եկել բոլորովին նոր ուժեր, ինչպես օրինակ Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիական շարժում»-ը, կամ անկախ թեկնածու Գրիգոլ Գեգելիան: Այս ընտրություններում ֆավորիտ էին ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան — Ազատ դեմոկրատներ» դաշինքի թեկնածու Շալվա Շավգուլիձեն և «Վրացական երազանքի» թեկնածու Լադո Կախաձեն:
Շալվա Շավգուլիձեն վրացական հանրությանը հայտնի է դարձել Սանդրո Գիրգվլիանիի գործով: Նա հանդիսանում էր Գիրգվլիանիի ընտանիքի փաստաբանը: Երիտասարդ Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով մեղավոր է ճանաչվել նաև Միխեիլ Սաակաշվիլին: Համարվում էր, որ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան նույնպես կապված է այդ գործի հետ: Իսկ Շավգուլիձեն տարիներ շարունակ պայքարել էր հենց այն ուժի դեմ, որի հետ այժմ դաշինք է կազմել:
Հարկ է նշել, որ իշխող թիմի թեկնածուն արդեն այս ընտրատարածքում ընտրություններին մասնակցելու փորձ ուներ: 2016 թվականին նա հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի կուսակցությունից առաջադրվել էր որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու և ընտրությունների արդյունքում ստացել ընդամենը 618 ձայն: 3 տարի անց, նույն թեկնածուն, սակայն այժմ արդեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանության ներկայացուցիչը, ստացավ ընտրողների 61.33%-ի վստահությանը (10 738 ընտրող):