Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Մթածմինդայում հունիսի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից երկուսով քրեական գործ է հարուցել: Այս մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում:
Քրեական գործերից մեկը վերաբերում է Թբիլիլիսիի Մերաբ Կոստավայի փողոցի թիվ 17 ընտրատեղամասում արձանագրված սպառնալիքի վերաբերյալ դեպքին։ Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով:
Երկրորդ քրեական գործը հարուցվել է նույն փողոցում տեղակայված թիվ 18 ընտրատեղամասում իրականացված բռնության փաստով: Գործ է հարուցվել ՔՕ-ի 162-րդ հոդվածով:
ՆԳՆ-ն ուսումնասիրում է ընտրախախտման վերաբերյալ ստացված ևս մի քանի հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ: