Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային ամենամյա 11-րդ մրցանակաբաշխությանը (GITI) Թբիլիսիում մասնակցել է 10 երկրի ավելի քան 700 ներկայացուցիչ:
«Հայաստանում տեղի ունեցող թվայնացման, էլեկտրոնային կառավարման գործառույթները, որոնք ավելի շատ զարգանում, և թվայնացման ռեգիոնալ տենդենցները, որ Վրաստանում էլ են շատ առաջ գնացել, տալու են հիրավի նոր լիցք՝ տնտեսության զարգացմանն ու համագործակցությանը մեր երկրների միջև: Նաև թույլ կտան ապահովել հայապահպանության պրոցեսներն այստեղ, ավելի լավ կապ՝ Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների»,— «Ալիք»—ի հետ զրույցում ասաց Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովսեփյանը:
Հայկական պատվիրակությունը մասնակցում է արդեն 11-րդ անգամ՝ այսինքն մրցանակաբաշխության հենց առաջին մասնակիցներից է: Այս ընթացքում պետական ու մասնավոր ներկայացվածությունն ավելացել է, ավելացել է նաև լավագույն պրոեկտների թիվը: Այս տարի ևս հայկական պատվիրակությունը ներկայացված էր մեծ կազմով: Պետեկամուտների կոմիտե, ՀՀ առողջապահության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, վրաստանյան շուկայում իր տեղը գտած GG հայկական ընկերություն և այլն:
GG-ն GITI-ին մասնակցում է երկրորդ անգամ: Ընկերության ղեկավար Արտաշես Թովմասյանն ասում է, որ միջոցառումը լավագույն հնարավորությունն է հայ և վրաց գործընկերների հետ ծանոթության ու փորձի փոխանակման առումով. «Մենք՝ որպես հայկական ստարտափ ընկերություն, ակտիվ համագործակցում ենք վրաց ստարտափերի հետ, հուլիսի վերջին սպասվում է Սևան ստարտափ սամիթը, որը մենք հովանավորում ենք, եթե այստեղից ստարտափ ընկերություններ գտնվեն, որ կցանկանան մասնակցել, կտանենք մեզ հետ, մենք ոչ միայն տրանսպորտային ընկերություն ենք, մենք IT ընկերություն ենք, որն ակտիվ մասնակցում է Վրաստանի էկո համակարգի կայացմանը»:
«Հետաքրքիր պրոեկտներ են ներկայացված տարածաշրջանային միջոցառմանը, տարբեր երկրների պետական ու հասարական կառույցների մասնակցությամբ, 15 կատեգորիայում լավագույն նախագծերի մրցանակաշաբշություն: Հայաստանը մշտապես աչքի է ընկնում ակտիվությամբ: Ուրախ ենք, որ տարածաշրջանային տեսանկյունից մեծ հետաքրրքություն կա, հետաքրքիր նորարարական ու բարեփոխման գաղափարների՝ տարբեր ընկերությունների կողմից»,- ասաց ICT բիզնես խորհրդի նախագահ Գիգա Շուբիթիձեն:
Այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը տրվել է Հայաստանի ՊԵԿ-ին:
Խրախուսվել են նաև մասնակից մյուս կազմակերպությունները:
Ճանաչելով հայկական ներդրումն՝ այս միջոցառման կայացման համար, մի քանի տարի առաջ վրացի գործընկերների կողմից Հայաստանը հատուկ մրցանակ էր ստացել՝ որպես միջոցառման ինստիտուցիոնալ գործընկեր: