Արմատներով Վրաստանի Ախալքալաք քաղաքից, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հունիսի 6-ին Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել Վրաստան մտնել։
Վերջինս թուրքագետ Աշոտ Սողոմոնյանի խմբի հետ ինքնաթիռով Երևանից մեկնել էր Վան, այնտեղից՝ Կիլիկիա և հետ վերադառնալիս է եղել մեքենայով, երբ Կարծախի վրացական անցակետի աշխատակիցները երկար սպասեցնելուց հետո թղթեր են ներկայացրել ստորագրման՝ այն մասին, որ Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված է։
«Ցույց տվեցին մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ Վրաստանն աննպատակահարմար է գտնում ձեր մուտքը և պիտի հետ վերադառնաք։ Երկու ժամ սպասելուց հետո, մեր դեսպանության միջոցով կարողացանք մուտք գործել Վրաստան և այնտեղով արդեն Բավրայի անցակետով վերադառնալ Հայաստան»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Աշոտ Մելքոնյանը։
Մելքոնյանի եղբայրը վերջերս է մահացել, նրա հիվանդության ամբողջ ընթացքում, ինչպես նաև արդեն մահվան կապակցությամբ Մելքոնյանը ստիպված է եղել հաճախակի այցելել Վրաստան։
«Միգուցե դա էլ է պատճառ հանդիսացել կասկածելու համար։ Քաղաքական որևէ հայտարարության, որևէ գործունեություն ես չեմ ունեցել, հակառակը, եղել եմ հայ-վրացական բարեկամության ջատագով, կազմակերպել ենք միջազգային գիտաժողովներ, վրացիների հետ համատեղ հիմա նախապատրաստվում ենք երկու հանրապետությունների 100 ամյակներին նվիրված ժողովածու հրատարակել»,-ասում է Մելքոնյանը։
Ակադեմիկոսը դժվարանում է ասել, թե հաջորդ այցելությունը Վրաստան երբ կլինի, սակայն գնալուց առաջ կճշտի՝ արդյոք արգելքը շարունակում է գործել, թե ոչ։ Հատկանշական է, որ Մելքոնյանը Ախալքալաքի պատվավոր քաղաքացիներից է, այնտեղ է ծնվել մեծացել ու հարազատներն էլ այժմ այնտեղ են ապրում։
«Առողջ տրամաբանության դեպքում սա կարող է լինել միայն թյուրիմացության պատճառ, այլապես ես տրամաբանություն չեմ տեսնում։ Ծնողներս այնտեղ են ապրել, թաղված են այնտեղ, եղբայրս վերջերս մահացավ, քույրս է այնտեղ ապրում, քրոջս, եղբորս զավակներն են այնտեղ, հայրական տունս է այնտեղ, իմ դպրոցն է այնտեղ։ Ես համարվում եմ Ախալքալաքի պատվավոր քաղաքացի, երեք պատվավոր քաղաքացիներից մեկն եմ, բայց երեք տեսա, թե ինչ պատվի եմ արժանանում ու ինձ համար շատ ցավալի է։ Եթե չլիներ Վրաստանում Հայաստանի դեսպանատունն ու դեսպանի շտապ արձագանքը, ստիպված էի լինելու Կարսից անցնել հասնել Ստամբուլ, այնտեղից թռչել Երևան»,-ասում է Մելքոնյանը։
Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում հայտնեց, որ վրացական կողմն այս հարցի առնչությամբ դեռևս որևէ մեկնաբանություն չի արել:
«Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի միջամտությունից հետո միայն Մելքոնյանին թույլատրվել է Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվել։ Մենք մեր կողմից հնարավոր բոլոր միջոցներով, դիվանագիտական բոլոր խողովակներով կփորձենք հարցին դրական լուծում տալ, որպեսզի նման պատվարժան մարդը, ով համարվում է հայ-վրացական բարեկամության ջատագովներից մեկը, ծննդավայր մտնել-դուրս գալու խնդիր չունենա: ԱԳՆ-ին տեղյակ ենք պահել, որ նման խնդիր կա, հետևողական կլինենք, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծում ստանա»,- ասում է Հայրապետյանը: