ՄԱԿ-ի ասամբլեայի նիստին Հայաստանի դիրքորոշումը Վրացական մամուլում և սոցցանցերում լայն տարածում է ստացել։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները բուռն քննարկումներ են ծավալում, քաղաքական գործիչները ևս փորձում են բացատրություն գտնել Հայաստանի կայացրած որոշմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ամեն տարի դեմ էր քվեարկում Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևին, սակայն այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկությանը: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: Այս անգամ 44 երկիր դարձել է բանաձևի համահեղինակ:
«Նեթգազեթի» կայքը թեմային անդրադարձում մեջբերել է Վրաստանում հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի հետ 2014 թվականին արված հարցազրույցից հատված, որտեղ վերջինս բացատրում է, թե ինչու է Հայաստանը դեմ քվեարկում բանաձևի ընդունմանը։ Նշվում է, որ հարցը չի վերաբերում միայն փախստականների վերադարձին, այլև Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) տարածքում տեղի ունեցող կոնֆլիկտների (այդ թվում ԼՂ) բանաձևին, իսկ կողմ քվեարկելը նշանակում է աջակցել Ադրբեջանին:
Քաղաքագետ Լևան Լորթքիփանիձեն Հայաստանի որոշումը դրական է գնահատում։
«Կհամաձայնեք, ամենից վտանգավորն ու զարմանալին այն է, երբ ամենագլխավոր գործընկերդ քո ամենակարևոր մարտահրավերի հարցում քո դեմ դիրքորոշում ունի: Երեկ ողջ Վրաստանը ուրախալի լուր ստացավ: Հայերն առաջին անգամ այսքան տարիների ընթացքում մեր բանաձևին դեմ չգնացին: Հրաշալի որոշում են կայացրել, սա մատնանշում է, որ Հայաստանն ավելի քիչ է կախված Ռուսաստանից, և կունենա այնքան ուժ, որ Մոսկվայի համար անընդունելի դիրքում հայտնվելուց չի վախենա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Լևան Լորթքիփանիձեն:
Ինչ վերաբերում է սոցցանցերում Վրաստանի քաղաքացիների արձագանքին, մեկնաբանություններում նրանք կասկածելի են համարում Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումը, ոմանք քննադատում են չեզոք դիրքը, մատնանշելով, որ Ադրբեջանն, օրինակ, կողմ է քվեարկել այս բանաձևին: Օգտատերերի մեծ մասն ուրախալի լուր է համարում ՀՀ կայացրած որոշումը, սակայն արձանագրած կարծիքի մեջ ինչ-որ դավադրություն, միևնույնն է, փնտրում է:
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական միջխորհրդարանական խմբի ղեկավար Լենա Նազարյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Շատ կարևոր քայլ է Հայաստանի կողմից Վրաստանի հետ տարբեր հարցերի շուրջ խոսակցությունը թեթևացնելու, արագացնելու ու էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: Որպես հայ-վրացական բարեկամական խմբի ղեկավար Վրաստանի իմ գործընկերների կողմից մշտապես լսել եմ, որ մեր երկիրը դեմ է քվեարկում Վրաստանի նախաձեռնած բանաձևին, ինչն ավելորդ լարվածության պատճառ է եղել»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնպես ողջունում է կայացրած որոշումն ու այն կապում Հայաստանում նոր իշխանությունների հետ։
«Նախկինում մեր բոլոր քվեարկությունները հարմարեցնում էինք մեր ռազմավարական դաշնակցի քմահաճույքներին՝ դիմացը ոչինչ չստանալով ու ավելի թունավորելով մեր հարաբերությունները մեր կարևոր հարևանի՝ Վրաստանի հետ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Սաֆարյանը:
Սաֆարյանը հասկանալի է համարում Հայաստանի նման դիրքորոշումն ու բացատրում․
«Ոչ թե Հայաստանը դեմ է Աբխազիայի կամ Հվ․ Օսիայի վրաց փախստականների վերադարձին, այլ քանի դեռ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված կան լուծման ենթակա խնդիրներ ու դրանցից մեկն էլ փախստականների հարցն է, ու ցավոք միայն խոսք է գնում ադրբեջանցի փախստականների մասին, հայ փախստականների խնդիրը օրակարգում դրված չէ, իհարկե, Հայաստանը խնդիր ունի նման բանաձևերին կողմ քվեարկելու հարցում, զուտ իր կոնֆլիկտի տեսանկյունից, որտեղ անարդար բան կա ու քանի դեռ այն չի շտկվել ու օրակարգ չի բերվել հայ փախստականների խնդիրը։ Սակայն այն, որ համենայն դեպս, Հայաստանը նաև դեմ չի քվեարկել, սա նույնպես լուրջ փոփոխություն է հայկական քաղաքականության մեջ»։