Երեկ Թբիլիսիի կենտրոնում վերանորոգված Օրբելիանի հրապարակի հանդիսավոր բացման արարողությունից հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկա պաշտոնյաներին հրավիրել է նույն հրապարակում գտնվող նախագահական նստավայր՝ Օրբելիանի իշխանի դղյակ։
Զուրաբիշվիլիի ուղեկցությամբ Աթոնելի փողոցում տեղակայված նստավայրում շրջել են քաղաքապետ Կախա Կալաձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, մի շարք պատգամավորներ և քաղաքային խորհրդի անդամներ:
«Այսօր մենք իրականացրինք մի նախագիծ, որն ավելի վաղ երազանք էր թվում: Ամեն օր ես Օրբելիանիի պալատից նայում եմ այս հրապարակին։ Հասկանալու համար, թե ինչու եմ եկել այս նստավայր, պետք է գալ և տեսնել բացվող տեսարանը», — ասել է Զուրաբիշվիլին։
Հիշյալ նստավայրը Վրաստանի գործող իշխանությունները վերանորոգել էին՝ Սաակաշվիլիից հետո մյուս նախագահներին տրամադրելու նպատակով, սակայն տարածքը դեռևս վերանորոգված չէր։
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընտրվելով Վրաստանի նախագահ, հրաժարվել էր Հավլաբարի նախագահական նստավայրից, որը նախագահական նստավայր է եղել Միխեիլ Սաակաշվիլիի և ապա Գիորգի Մարգվելաշվիլիի նախագահության ժամանակ:
Աթոնելի փողոցի (25) վրա գտնվող նստավայրում 90-ականների սկզբին տեղակայված էր Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։
Այն անվանում են Օրբելիանիի նստավայր, քանի որ ըստ պատմական աղբյուրների, այդտեղ իսկապես եղել է նստավայր, որը Թեյմուրազ 2-րդ թագավորը նվիրել էր իր փեսային՝ Դմիտրի Օրբելիանի իշխանին։