Վրաստանի նախագահն արդեն Փոկայում է․ Տեսանյութ

Հունիսի 1-ին Վրաստանի նախագահը կանցնի Սուրբ Նինոյի ճանապարհով: Քիչ առաջ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա արդեն Ջավախքի Փոկա գյուղում է:

Սալոմե Զուրաբիշվիլին վառել է տոնական խարույկ, ինչի շուրջ հավաքվածները երգում, պարում ու արտասանում են:

Հունիսի 1-ին՝ ժամը 10:00-ին, նախագահը Փոկայի վանքում կմասնակցի Սուրբ Նինոյի Վրաստան մտնելու օրվան նվիրված տոնական պատարագին, այնուհետև կմիանա երթին, որի 2000 մասնակից Սուրբ Նինոյի ճանապարհը կանցնի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 29-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Մշակութային երթուղիները՝ Վրաստան, Եվրոպա» խորագրով հանդիսավոր միջոցառմանը ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հունիսի 1-ին Սուրբ Նինոյի ճանապարհով է անցնելու:

Սուրբ Նինոն ըստ հայկական աղբյուրների՝ եղել է Սբ. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագա լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթա քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։

Ըստ վրացական աղբյուրների՝ Սուրբ Նինոն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։

 

Posted by Salome Zourabichvili on Friday, May 31, 2019