Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի կապակցությամբ, 2019 թվականի մայիսի 30-ին, թբիլիսահայ հավատացյալները Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժ. Տեր Տաթև քհն. Մարուքյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին Մառնեուլի շրջանի Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցի:
Ուխտավորները մասնակցեցին տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայության հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամների ձեռքով հյուսվեցին ծաղկեպսակներ, պատրաստվեցին «Ջան գյուլումի» քառյակները, այնուհետև երգ-երաժշտության ներքո, գեղեցիկ ծաղկեպսակներով զուգված ներկաները «Համբարձում յայլա» երգելով մասնակցեցին վիճակահանությանը:
Վերադարձի ճանապարհին ուխտավորները կանգ առան Երկրորդ Համաշխարհային պատերազմում զոհված շահումյանցիների հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակին:
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշվում է Սուրբ Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Համբարձման տոնի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկոսական աթոռի տեղափոխությունը Կիլիկիայից Սուրբ Էջմիածին։ Պատարագի ավարտին կատարվում է հայրապետական մաղթանք։ ՀԻշեցնենք, որ տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը:
Լուսանկարները՝ Վիրահայոց թեմի մամլո դիվանի