Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ պաշտոնանկ է արել նախարարության տեխնիկական և շինարարության վերահսկողության գործակալության պետ Գրիգոլ Կակուրիձեին:
Ըստ նախարարի, Կակուրիձեն Փոթիի նավահանգստի դուստր ձեռնարկության հետ համագործակցել ու խորջրյա նավահանգստի կառուցման թույլտվություն է տվել, մինչդեռ այս որոշումը համաձայնեցված չէ նախարարության կամ կառավարության այլ անդամների հետ:
Անակլիայի խորքային նավահանգստի շինարարության դադարեցման սպառնալիքի մասին տեղեկությունը տարածել է «Անակլիա զարգացման կոնսորցիում»-ը՝ մայիսի 29-ին: Սրան նախորդում էր տարածված տեղեկատվությունը, որ Էկոնոմիկայի նախարարությունը Անակլիայի հարևանությամբ գտնվող Փոթիի նավահանգստում խորջրյա նավահանգիստ կառուցելու թույլտվություն է տվել: Ինչպես ասում է «Անակլիա զարգացման կոնսորցիում»-ը, նրանք այդ մասին ոչինչ չգիտեին և տեղեկացել են լրատվամիջոցներից:
Վերոնշյալի վերաբերյալ քաղաքական դաշտում մեծ ալիք է բարձրացել: Խորհրդարանի պատգամավորներն ու կառավարության անդամները պահանջում են գործի վերաբերյալ անհապաղ հետաքննություն անցկացնել, իսկ որոշ մասն էլ վարչապետի և էկոնոմիկայի նախարարի հրաժականն են պահանջում:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Զուրաբ Ճիաբերաշվիլիի խոսքերով, կառավարության և նրա անդամի պահվածքն ազդում է այնպիսի կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են խորջրյա նավահանգիստ կառուցելը:
Ըստ պատգամավորի` Փոթիի խորջրյա նավահանգստի համար թույլտվություն տալն ու այնուհետև այն չեղարկելն ազդում է նաև Վրաստանի միջազգային հեղինակության վրա:
Հիշեցնենք՝ Վրաստանի սևծովյան Անակլիա քաղաքում գործող իշխանությունները նախատեսել են խորջրյա նավահանգիստ կառուցել՝ այն դարձնելով երկրի ռազմավարական հանգույցը։ Նավահանգստի խորությունը 20.5 մետր է, այն տարեկան 100 միլիոն տոննա բեռ կսպասարկի: 7 փուլից կազմված շինարարական աշխատանքների 3 փուլը, որը 12 տարվա ժամանակահատվածում է լինելու, 40 տոննա սպասարկելու հնարավորություն կտա: Ծրագրի արժեքը 2.5 միլիարդ դոլար է կազմում:
Չինական երկաթուղային միջազգային ընկերությունը (China Railway International Group, CRIG) ևս նպատակ ունի ներդրումներ իրականացնել Անակլիայի նավահանգստի կառուցման գործում: CRIG-ն արդեն երկրորդ չինական կազմակերպությունն է, որը հետաքրքրվում է Անակլիայի նավահանգստով: 2017 թվականի վերջին Անակլիայիում ներդրումներ անելու հարցով համաձայնության է եկել նաև Shanghai Zhenhua Heavy Industries Co (ZPMC ) չինական ընկերությունը:
Հարկ է նշել, որ Սևծովյան ափին մեծ նավահանգստի և քաղաքի կառուցման գաղափարն առաջին անգամ բարձրաձայնել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ դեռևս 2001-ին։ Սակայն վերջերս, գործող վարչապետ Մամուկա Բախտաձեն վստահորեն հայտարարել էր, թե «Անակլիայի նավահանգիստը որպես գաղափար ծնվել է մեր քաղաքական թիմում, այն մեր տնտեսության ռազմավարության կարևորագույն մասն է»: