Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավորների մի մասը պահանջում է վարչապետի և էկոնոմիկայի նախարարի հրաժարականը: Պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի խոսքերով, վաղը խորհրդարանում նա վարչապետին միայն մեկ հարց է տալու, թե երբ է պատրաստվում հրաժարական տալ:
«Ես մեկ հարց ունեմ, թե երբ է նա պատրաստվում հրաժարական տալ: Այս երկրում միակն է, ով ինքն իրեն ամենաշատն է սիրում և հերիք է ինքնաբավարարվի», — ասել է Ճիճինաձեն:
Պատգամավոր Լևան Գոգիչայիշվիլին պահանջում է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականը: Ըստ Գոգիչայիշվիլիի, Թուրնավան կոռումպացված նախարար է, որն այդ պաշտոնին նշանակվել է որոշ գործարարների կողմից:
«Թուրնավան կոռումպացված է, և երբ նա գալիս է խորհրդարան, ստիպված կլինի պատասխանել մի քանի հստակ հարցերի: Նա նախարար է, որը նշանակվել է որոշակի գործարարների կողմից և կատարում է նրանց առաջադրանքները», — ասում է Լևան Գոգիչայիշվիլին: