«Դեպի Եվրոպա տանող տարբեր ուղիներ են հարկավոր և մշակութային այս երթուղիներն ամենահետաքրքիր գործիքներից են», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Մշակութային երթուղիները՝ Վրաստան, Եվրոպա» խորագրով հանդիսավոր միջոցառմանը ելույթի ժամանակ:
Ըստ Զուրաբիշվիլիի՝ այս ճանապարհով եվրոպացիները կհասկանան, թե ինչպիսին է եվրոպական Վրաստանը, իսկ ուղիները կարևոր են ինչպես մշակութային, այնպես էլ զբոսաշրջության, տնտեսական և տարածաշրջանային զարգացման հեռանկարների առումով:
«Այս ուղիները կբացահայտեն մեր մարզերը, ինչը տարածաշրջանի ճիշտ զարգացման խթանը կդառնա: Այս երթուղիների կարևոր մասը պետք է լինեն պատմության, ավանդույթների բացահայտումները։ Այսօր էլ շատ մարդիկ Եվրոպայում հետաքրքրված են ուխտագնացությամբ և ես հունիսի 1-ին պատրաստվում եմ անցնել սուրբ Նինոյի ճանապարհը», — հայտարարել է նախագահը:
Սուրբ Նինոն ըստ հայկական աղբյուրների՝ եղել է Սբ. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագա լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։