Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գերատեսչությունը անդրադարձել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որտեղ Զուրաբիշվիլին խոսում է աբխազերեն լեզվի պահպանման և ռուսիֆիկացիայի խնդիրների մասին:
«Վրաստանի երկրորդ պետական լեզուն՝ աբխազերենը, այսօր ամենամեծ վտանգի տակ է: Վրաստան պետությունը, Վրաստանի Սահմանադրությունը պաշտպանում են այսօր ոչնչացման վտանգի առաջ կանգնած լեզուն»,- հայտարարել էր Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ ինքը որպես նախագահ մեծ պատասխանատվություն է զգում այս հարցում:
Աբխազիայի ԱԳ նախարարությունը նշել է, որ նմանատիպ հայտարարությունները վրաց ազգին բնորոշ պատմական ամնեզիայի ցուցադրում է, ժամանակակից իրողության ոչ ճիշտ ընկալում:
«Հենց Վրաստանի կազմում եղած ժամանակ աբխազերենը կանգնեց ոչնչացման առաջ, իսկ աբխազ մտավորականությունը, որը դուրս եկավ լեզվի պաշտպանության համար, ենթարկվեց հալածանքների, ինչն այսօր Վրաստանում հիշել չեն ուզում», — ասվում է հայտարարությունում: