Վրաստանում տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներին կօգնեն սովորել երկրի պետական լեզուն, հայտնում է Կրոնի հարցերով գործակալությունը:
Գործակալությունը «պետական լեզուն հոգևորականների համար» նախագծի շրջանակներում Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի հետ այդ մասին հուշագիր է ստորագրել: Փաստաթուղթը վրացերենի ուսուցում է նախատեսում տարբեր դավանանքի հոգևորականների համար:
«Վրաստանում հոգևոր տարբեր դասի ներկայացուցիչները կարող են միանալ ծրագրին։ Սա թույլ կտա առավել արդյունավետ հաղորդակցություն ունենալ պետական մարմինների ու կրոնական խմբերի միջև», — ասել է գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն
150 հոգևորական է արդեն վրացերեն սովորելու ցանկություն հայտնել, այդ թվում են մահմեդական, հայ և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչներ:
Նման նախագծի ստեղծման անհրաժեշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները գործակալության կողմից կազմակերպված մարդու իրավունքների խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթացների ընթացքում վրացերենի իմացության բացակայության պատճառով չեն հասկացել դասընթացի թեման: