Վրաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում Ռուսթավիի քաղաքային դատարանի դահլիճից փախուստի դիմած կալանավորի լուրն է:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ բանտարկյալին դատարան էին բերել, սակայն, նա մեղադրյալների համար հատկացված սենյակից կարողացել է փախուստի դիմել: Վրաստանի Ներքին գործերի ու Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունները համատեղ ուժերով որոնում են փախուստի դիմած մեղադրյալին:
«Interpressnews»-ը անդրադառնալով դեպքին, փոխանցում է Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարության հայտարարությունը, որի համաձայն, բանտարկյալը լավ չի զգացել, որից հետո շտապ օգնություն են կանչել:
«Մեղադրյալը փախուստի է դիմել այն ժամանակ, երբ շտապ օգնության աշխատակիցները նրան օգնություն էին ցուցաբերելում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել նախընտրական իրադարձությունները: «Frontnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցումից զրկել է «Կվարացխելիա-Սոցիալիստներ» կուսակցությանը: Այս հրամանագրի տակ ստորագրել է ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան:
«Kvira.ge» պարբերականը տեղեկացնում է Իտալիայում եվս մեկ անգամ ստորգետնյա ցնցումների մասին: Պերուջիա քաղաքում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 268, վիրավորվել 387-ը: Իտալիայի Սեյսմոլոգիական ծառայության տեղեկության համաձայն՝ օգոստոսի 24-ից հետո Իտալիայում տեղի է ունեցել ավելի քան 3 հազար ստորգետնյա ցնցում, որոնցից 12-ի ուժգնությունը էպիկենտրոնում առնվազն 4 մագնիտուդ է կազմել:
«Interpressnews»-ի փոխանցմամբ, հուլիսին Վրաստանում ժամկետանց վարկերի թիվը ավելացել է 44.3 մլն լարիով` կազմելով 418.6 լարի:
Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից հրապարակած «հուլիս ամսվա վերանայում» զեկուցի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ազգային արժույթով ստացված վարկերի թիվը ավելացել է 151.7 լարիով՝ կազմելով 5.65մլրդ լարի: Արտարժույթով տրված վարկերը ավելացել են 24.7 մլն ամերիկյան դոլարով և կազմել 4.65 միլիարդ դոլար: Արտարժույթով վարկերը հիմանակնում տրվել են իրավաբանական անձանց:
«Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Դավիդ Թարխան-Մոուրավիին «Օբյեկտիվի» հեռուստաընկերության եթերում հարցրել են, թե ինչու է հաճախ հոմոֆոբիկ և քսենոֆոբիկ հայտարարություններ անում: Թարխան-Մոուրավին ի պատասխան ասել է, որ երբեք նման հայտարարություններով հանդես չի եկել: Սակայն «Ռուսթավի 2»-ը հիշեցնում է, որ միևնույն հաղորդման ժամանակ նա ասել է, որ Թուրքիան բռնագրավել է վրացական հողերը` նշելով, որ այդ երկիրը մինչ օրս Վրաստանի թշնամին է:
«Թուրքիան մեր թշնամին է»,- հայտարարել է Դավիթ Թարխան-Մոուրավին:
Իր հերթին Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գումրուչքուն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, որը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: