Վրաստանի 4-րդ նախագահի կյանքն առանց քաղաքականության. Reuters-ի հոդվածը Մարգվելաշվիլիի մասին

5 տարվա նախագահությունից հետո դասախոսական գործունեությանը վերադարձած Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի մասին Reuters գործակալությունը հոդված է պատրաստել:

«Ալիք Մեդիան» ներկայացնում է հարցազրույցի թարգմանությունը:

Դուշեթիում գտնվող սեփական տան մոտ կառուցված քոթեջը 49-ամյա նախագահը եկամտի աղբյուրի է վերածել:

«Սա բավական էմոցիոնալ է: Հյուրերը պատմում են, թե որքան է իրենց դուր եկել տունը, իմ պատրաստած իրերը, կամ տան առաջ բացվող տեսարանը: Սա ինձ համար շատ հաճելի է»- «Ռոյթերսի» հետ զրույցում ասում է Մարգվելաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահը քոթեջը վարձակալությամբ տալուց բացի վերադարձել է նաև արհեստագործությանը: Նա պատրաստում է կահույք և այլ իրեր, որոնք օգտագործում է վարձակալությամբ տրվող քոթեջի համար: 

Մարգվելաշվիլին քոթեջը սկսել է վարձով  տալ մոտ 2 ամիս առաջ: Մինչ օրս նախկին նախագահի ձեռքով կառուցված քոթեջում տասնյակ հյուրեր են մնացել:

 

«Իմ քաղաքականությունից հեռանալը ճանապարհ է երկրում նախադեպ ստեղծելու համար, որպեսզի հասկանալի լինի, որ քաղաքականությունից զատ ուրիշ կյանք էլ գոյություն ունի»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Մարգվելաշվիլին ապագայում ևս մի փոքր բիզնես կսկսի: Նա պատրաստվում է ձիեր վարձով տալ:

Հարցին, թե կարոտում է նախագահության ժամանակաշրջանը, նա պատասխանում է.

«Խիստ ինտենսիվ 5 տարի էր: Այժմ հաճույք եմ ստանում առավել դյուրին և խաղաղ կյանքից» — «Ռոյթերսի» հետ զրույցում ասում է Մարգվելաշվիլին: