«Շախմատի մասին խոսելիս ակամայից հիշում ենք Նոնա Գափրինդաշվիլիին ու Մայա Չիբուրդանիձեին»,-այպես է սկսվում «Իմեդի» հեռուստաընկերության պատրաստած հաղորդումը շախմատի ու նրանում արդեն մեծ հաջողություններ գրանցած երիտասարդ շախմատիստուհու մասին:
«Հիշեք Նինո Խոմերիկի անունը. 18 տարեկան այս աղջիկը շատ հնարավոր է, որ վրացական շախմատի պատմության մեջ նոր փառահեղ էջ գրի»,-ասում է հեռուստանկերության լրագրողը` հիշեցնելով` 9 հաղթանակ շախմատի Վրաստանի առաջնությունում, շախմատի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մի քանի օր առաջ էլ Պրահայից բերեց եվս մեկ հաղթանակ ու կոչում:
Լրագրողը նշում է, որ երիտասարդ աղջկա մրցանակները` պատվոգրերը, մեդալները արդեն չեն տեղեվորվում հատուկ դրա համար առանձնացված անկյունում:
«5 տարեկան էի, երբ սկսեցի շախմատ խաղալ: Առաջին հաջողությունս ոգևորիչ էր` 9 տարեկանում դարձա շախմատի Վրաստանի փոխչեմպիոն, 10-ում` չեմպիոն: Այդ ժամանակվանից հաջողություններ շարունակվեցին: Այս տարի, սակայն, չմասնակցեցի, որովհետև շատ հեշտությամբ եմ հաղթում»,- ժպտալով պատմում է Նինո Խոմերիկին:
Նրա համար շախմատը սոսկ սպորտ չէ. «այն ավելին է»: Ասում է, որ այն օգնում է կյանքի դժվարությունները հեշտությամբ հաղթահարել:
«Շախմատում շատ բան կարելի է սովորել: Մտածել, չշտապել, լինել հավասարակշռված և որքան էլ տարօրինակ թվա, պետք է ասեմ, որ շախմատն ու մեր կյանքն իրար շատ են նման» -ասում է երիտասարդ շախմատիստը:
Նա շախմատում իր հաջողությունները կապում է նաև հոր տված խորհուրդների հետ. Նրանք ամենատարբեր քայլերի շուրջ, ոչ միայն շախմատի, կարող են ժամեր շարունակ քննարկումներ անցկացնել: Վրացական շախմատի վաստակավոր մարզիչ Գիորգի Խոմերիկին հաղորդման ընթացքում պատմում է, որ Նինոն շատ նպատակասլաց է. «Եթե մարդու մեջ բացակայում է այսպես ասած մարտական ոգին, ապա նա չի կարող չեմպիոն դառնալ. առաջին հերթին դա, հետո ուսուցումը և այլն…»:
Նինոն հաջողությամբ է ավարտել դպրոցը, հետագա մասնագիտությունը, սակայն, դեռևս չի ընտրել: Ասում է, որ այդ մասին մյուս տարի կմտածի, իսկ այժմ պատրաստվում է սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Երիտասարդ շախմատիստուհին խոստովանել է նաև` երբ հեռանա ակտիվ սպորտից, բիզնեսով է զբաղվելու: