Վրաստանի կառավարությունը պետք է առավելագույնս աջակցի ագրոարտադրողներին և փուլ առ փուլ հարկերից ազատի էկոլոգիապես մաքուր ապրանքի ոլորտը: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Զուգդիդի քաղաքում (Սամեգրելո, Զեմո Սվանեթի) ագրոներդրումային բիզնես-ֆորումի բացման ժամանակ:
«Ես խոստանում եմ, որ քայլ առ քայլ կկարողանանք չեղարկել բոլոր հարկերն այն արտադրողներից, ովքեր Վրաստանում զբաղվում են էկոլոգիապես մաքուր մթերքի արտադրությամբ: Աշխարհը մեզ պետք է ճանաչի որպես նման արտադրանք տվողի: Այսպես մենք կկարողանանք Վրաստանի գյուղատնտեսական սեկտորը նոր մակարդակի հասցնել», — ասել է Բախտաձեն:
Կառավարության ղեկավարը նաև նշել է ֆերմերների աջակցության պետական ծրագրի կարևորության մասին: Նա հիշեցրել է, որ արդեն որոշ նախաձեռնություններ են կյանքի կոչվել, իսկ մոտ ապագայում իշխանությունները խոստանում են ավելացնել երկրի արևմուտքում խաղողագործության սուբսիդավորման ծավալները: