«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝
- Վրաստանում մեկնարկեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները. տոնական տրամադրությամբ եվրոպական օրերը սկսվեցին Թբիլիսիի Րիկղե այգում: Եվրոպական օրերը կշարունակվեն մինչև մայիսի վերջ: Այս տարի արդեն Վրաստանում 7-րդ անգամ է նշվում տոնը` ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի և արտգործնախարարության կազմակերպմամբ: Եվրոպայի օրերի նպատակը ԵՄ-Վրաստանի հարաբերությունների զարգացումն է, ընթացիկ ինտեգրման գործընթացի մասին Վրաստանի քաղաքացիներին տեղեկացնելը:
- Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են: Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվությամբ, մայիսի 4-ին և 5-ին պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշա Զադեի ներկայացուցիչ Ալի Ալիևի հետ: Միևնույն ժամանակ «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժումը մայիսի 7-ին հայտարարեց, որ սկսում է Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում պարեկություն անցկացնել:
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկ տարին՝ անցկացրեց հերթական մամուլի ասուլիսը: «Ալիք մեդիան» հետաքրքրվեց, թե Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը նշվեց, որ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի, կա՞ն արդյոք թվեր ու առաջընթաց մատնանշող գործընթացներ։ Հարցին ի պատասխան Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսին նախատեսում են հայ-վրացական միջկառավարական խորհրդի նիստ։
- Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը Թբիլիսիում ավանդույթի համաձայն նշվեց Վակեի հաղթանակի այգում, որտեղ այցելեցին քաղաքական, հասարակական դեմքեր և ծաղիկներ դրեցին անհայտ զինվորի գերեզմանին: Հատկանշական է, որ մայիսի 9-ին Վրաստանի մայրաքաղաքում և շրջաններում «Անմահ գունդը» ակցիաներ անցկացրեց, ինչին հետևեցին հակաակցիաները:
- Շաբաթվա ամենակարևոր թեմաներից մեկը Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների կողմից փոխհամագործակցության հուշագրի ստորագրումն էր, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»: Անկարայում հուշագրի ստորագրմանը Վրաստանի կողմից ոչ ոք չի մասնակցել: Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ ծրագրին որևէ այլ երկրի մասնակցությունը կարող է տեղի ունենալ միայն երեք երկրների (Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի) համաձայնությամբ։