Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Փենսիլվանիայի Մորիսվիլ քաղաքում ճաճայի (այսպես է կոչվում վրացական օղին) արտադրության գործարան է բացել՝ «Լազիկայի ճաճա» անվան տակ:
Իր ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին հրապարակել է գործարանի բացման տեսանյութը՝ գրելով՝ «Հազիվ թողեցին բացեմ գործարանը»:
Գործարանի սեփականատեր Դավիթ Ծկիպուրիշվիլին ասում է, որ այն միաժամանակ լինելու է վրացական հողագործության հավաքի կենտրոն: Վրացական ճաճան ամերիկյան շուկայի համար սարքվելու է կալիֆորնիական խաղողով: Գործարանն օրական մի քանի տոննա ճաճա արտադրելու հնարավորություն ունի:
Բացմանը ներկա են եղել Ամերիկայում բնակվող վրացիներ: Նրանց մոտ ելույթում Սաակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհանոցային գերտերություն»: Բացման հանդիսավոր արարողությունից հետո Սաակաշվիլին խաճապուրի է թխել ու հյուրասիրել ներկաներին: «Կյանքումս առաջին անգամ իմ ձեռքով խաճապուրի եմ թխել, ի դեպ շատ էլ համեղ ստացվեց», — ֆեսյբուքում գրառում է արել նախկին նախագահը:
https://www.facebook.com/SaakashviliMikheil/videos/421407451988160/?epa=SEARCH_BOX