Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»: Անկարայում հուշագրի ստորագրմանը պաշտոնական Թբիլիսիից ոչ ոք չի մասնակցել:
Վրաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ծրագիրը Ռուսաստանին հնարավորություն կտա օգտագործել Վրաստանի տարածքը բեռներ տեղափոխելու համար, ու այս ամենի համաձայնությունը ձեռք են բերում Վրաստանի ռազմավարական գործընկերներ Թուրքիան ու Ադրբեջանը՝ առանց Վրաստանի:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում կարծում են, որ Վրաստանը խաղից դուրս է մնացել Ռուսաստանի պահանջով: Իսկ ընդդիմությունում կարծում են, որ տարածաշրջանում արդեն Վրաստանի հետ հաշվի չեն նստում, հակառակ դեպքում նմանատիպ ռազմավարական ծրագրի հուշագիր առանց Թբիլիսիի չէր ստորագրվի:
«Երկաթե մետաքսե ճանապարհ» կոչված ծրագիրը համաձայնեցվել է 2007 թվականի հունվարի 7-ին, որը Հարավային Կովկասը կապում է Ասիայի և Եվրոպայի հետ: Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Միխեիլ Սաակաշվիլին, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 600 մլն ԱՄՆ դոլար:
Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ ծրագրին որևէ այլ երկրի մասնակցությունը կարող է տեղի ունենալ միայն երեք երկրների (Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի) համաձայնությամբ։