Տեսանյութ. Միասնական էինք, դրա համար էլ հաղթեցինք. Թբիլիսիի հայ վետերաններ

 

101-ամյա Խաժակ Եփրիկյանն այսօր տոնական կոստյումով է, մարտական ուղու համար ստացած բոլոր մեդալները տեղում են: Առավոտից հյուրեր է ընդունում: Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներն արդեն երկրորդ տարին է այցելում են Թբիլիսիի հայ վետերաններին, ուշադրության արժանացնում նրանց:  Ուրախ են, որ Խաժակ պապն այս տարի էլ ոտքի վրա է դիմավորում իրենց: Խաժակ Եփրիկյանն ասում է ՝ ընդամենը 101 տարեկան է, դեռ կյանքի կեսն էլ չի ապրել: Երկարամյա մանկավարժն ու երկու գրքերի հեղինակը կյանքից գոհ է, մշտապես ընտանիքի ու հարզատների ուշադրության կենտրոնում է, միայն թե մարտական ընկերներն են պակասել: Մի քիչ դժվարությամբ, բայց հպարտ ու վստահ՝ պատմում է՝ ինչպես էին մարտի մղվում:

Օֆելյա Կարապետյանը 15 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը: Այսօրվա նման հիշում է՝ ինչպես էր խնամում ու կերակրում ծանր հիվանդներին ու վիրավորներին։ Այսօր մենակ է ապրում՝ այդ տարիների հիշողություններով:  Երանի է տալիս անցած օրերին, երբ բոլոր հարազատները ողջ էին, իր կողքին, իսկ հիմա հարազատ տղայի լուսանկարներն են ուղեկցում տան բոլոր անկյուններում:

Աղվան Սարոյանը նույնպես պատերազմի ժամանակ 15  տարեկան էր: Զինանոցի գործարանում էր աշխատում, ուր թողել է առողջությունն ու մատները: Աշխատում էր ու հաց վաստակում: Ասում է՝ պատերազմի տարիներին բոլորը միասնական էին, այդ պատճառով էլ տրվեց հաղթանակը: Այսօր Աղվան Սարոյանին ապրելու ուժ են տալիս նրա զավակներն ու 200 աղավնիները, որոնց էլ զավակների նման է սիրում: Օրվա մեջ մի քանի անգամ բարձրանում է աղավնատուն, համրում, կերակրում, խոսում նրանց հետ: Համեստ թոշակի ուղիղ կեսն էլ ամեն ամիս տրամադրում է աղավնիների  համար  կեր գնելուն:

Մեծ Հայրենականից 74 տարի է անցել, հերոսների թիվն օրեցօր է պակասում: Միայն մեկ տարվա ընթացքում Վրաստանը 150  վետերան է կորցրել: Նրանցից մեկն էլ Սերգեյ Միրզոյանն էր: Հունվարի 18-ին 92-ամյա վետերանին իր բնակարանում ծեծել ու կողոպտել էին: Դեպքից հետո Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել էին վետերանին և ֆինանսական օգնություն ցուցաբերել: Այսօր արդեն ցուցակում նրա հասցեն չկար:

Վրաստանում ներկայումս ապրում է պատերազմի մասնակից 492 վետերան: