Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումը կանցկացվի հունիսին․ Փաշինյան․ լուսանկարներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին՝ ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկ տարին՝ անցկացրեց հերթական մամուլի ասուլիսը։ Ասուլիսը մեկնարկեց ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։

Փաշինյանի հարյուր փաստը ներառում էր ընթացիկ տարվա բյուջետային եկամուտների գերակատարման ցուցանիշը, աշխատատեղերի ստվերից դուրս բերումը, աշխատավարձերի բարձրացումը, կոռուպցիայի դեմ ծավալած պայքարը և այլն։

«Իհարկե, այս փաստերը սպառիչ չեն, մենք կարող էինք նաև 200 փաստ հրապարակել, նաև ավել, բայց հասկանում ենք, որ պետք է որոշակիորեն սահմանափակվել»,-ասաց Փաշինյանը։

Այնուհետև Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որի ժամանակ հնչեց բավական աղմկահարույց հայտարարություն այն մասին, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս է՝ ծառայողական քննություն է գնում, քանի  որ նախկին իշխանությունները դեռևս հեղափոխությունից առաջ նյութեր են ոչնչացրել:

«Ալիք մեդիան» հետաքրքրվեց, թե Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը նշվեց, որ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի, կա՞ն արդյոք թվեր ու առաջընթաց մատնանշող գործընթացներ։

Հարցին ի պատասխան Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսին նախատեսում են հայ-վրացական միջկառավարական խորհրդի նիստ։

«Նիստը մայիսին պետք է տեղի ունենար, սակայն մեր վրաց գործընկերների խնդրանքով հետաձգվել է, նաև գործարար համաժողով պիտի լինի։ Սակայն մինչ այդ, ես խնդիր եմ դրել, որ Բագրատաշենից Երևան եկող երկու ավտոճանապարհները լինեն ամենաբարձր որակի, որովհետև այդ ճանապարհը պետք է նորմալ լինի, որպեսզի այդ առևտրաշրջանառությունը ստացվի։ Կարևոր է նաև երկաթուղային հաղորդակցության որակը, Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերների հետ քննարկում ենք, որ սակագնային քաղաքականությունը, երկաթուղային հաղորդակցության որակը լինի բավարար չափով, պետք է ստեղծենք դաշտ, որպեսզի գործարարները այդ ռեալ կապերը ստեղծելու հնարավորություն ունենան և մենք աշխատում ենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ առևտրաշրջանառության բարձրացման նախորդ անհաջող մոդելը, երբ վարչապետը, փոխվարչապետը ներքաշել են իրենց հարմար կազմակերպություններին, այլևս չի լինելու և չեն աշխատելու այդ մեխանիզմներով։

Ասուլիսի տեսագրությունը՝

https://www.facebook.com/aliQmedia/videos/696106347473275/

https://www.facebook.com/aliQmedia/videos/2365171977037649/