Անկարայում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները եռակողմ հուշագիր են ստորագրել, որի նպատակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով պարբերաբար երկաթուղային երթևեկության ապահովումն է:
«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը ստորագրված հուշագրի վերաբերյալ պաշտոնական մամլո հաղորդագրություն է տարածել՝ «Ռուսական երկաթուղին հնարավոր է շարունակվի մինչև Թուրքիա» վերտառությամբ:
Մամլո հաղորդագրությունում խոսվում է նաև Ախալքալաք-Կարս հատվածին 1520 մմ տրամագծով երկրորդ երկաթգծի ավելացման մասին: Հատկանշական է, որ Թբիլիսիից Ախալքալաք խորհրդային չափանիշների համապատասխան 1520 մմ տրամագծով երկրորդ երկաթգիծ է գործում, իսկ Ախալքալաքից Կարս կառուցված մայրուղին՝ եվրոպական չափանիշների է՝ 1435 մմ տրամագծով:
Հատկանշական է նաև, որ «Ռուսաստանի երկաթուղիների» ղեկավարը երեկ այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպմանը խոսվել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբերյալ: Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների միջև ևս մեկ հուշագիր է ստորագրվել, որը ենթադրում է համագործակցություն երկաթուղային տրանսպորտի ոլորտում։