Վրաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 2018-ին նվազել է

Վրաստանում 2018 թվականին 2017-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով զոհվածների թիվը 11 տոկոսով նվազել է: 6 տոկոսով աճել է վթարների, 7 տոկոսով՝ վիրավորների թիվը:

Հաշվետվությունը ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության 5-րդ գլոբալ շաբաթվա բացման արարողությանը ներկայացրել է Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Միջոցառումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ կազմակերպել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը:

Ներկայացված տվյալների համաձայն, Վրաստանում ՃՏՊ-ների հետևանքով տարեկան մինչև 500 մարդ է մահանում ավելի քան 9000-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստանում։ Վրաստանի ճանապարհներին վիրավորվածների ու զոհվածների ցուցանիշը գերազանցում է Եվրոպայի մի շարք երկրների տվյալները: