Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը վրացերենով առաջին անգամ ներկայացվեց հայ և վրացի հանդիսատեսին. Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում շարունակվում է:
Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 3-ին Թբիլիսիում ներկայացվեցին մեծն բանաստեղծի կյանքի՝ Վրաստանին առնչվող առավել հետաքրքիր հատվածները, բանաստեղծութունների վրացերեն թարգմանությունները, նրա մասին վրացի գրողների պատումները: Մասնակիցները՝ հիմնականում ուսանողները, մոմակալի մոմերը հերթականությամբ վառելով, հայերենով ու վրացերենով Թումանյան կարդացին:
Միջոցառմանն ընդառաջ Վրաստանի գրողների միության անդամ Լևան Ցալուգեշավիլին մեծ զեկույց էր պատրաստել՝ հավաքելով Թումանյանի կյանքի ամենահետաքրքիր հատվածները: Լևանն ասում է՝ եթե փողոցում անցորդներին հարցնեք՝ ով էր Թումանյանը, կհիշեն «Գիքորը» կամ «Շունն ու կատուն», լավագույն դեպքում կասեն, որ հեքիաթագիր էր:
«Շատերը չգիտեն, որ 1918-ին Թբիլիսիի պետական համալսարանի բացմանն ընդառաջ Թումանյանը նվիրաբերել է 100 ոսկի: Այդ տարի մահացել էր նրա որդին ու բանաստեղծի համար շատ դժվար ժամանակներ էին, սակայն նա մեծ եռանդով էր խոսում համալսարանի բացման մասին: Այս մասին շատերը չգիտեն»,- պատմում է գրողը:
Ցալուգելաշվիլին նաև շեշտը դնում է Թումանյանի՝ Վրաստանի հանդեպ սիրո վրա: Ասում է՝ շատերը չգիտեն նաև, որ ամենայն հայոց բանաստեղծը սիրում էր հանգստանալ վրաստանյան հանգտավայրերում՝ Աբասթումանիում, Ծաղվերիում, Բորջոմիում, Մանգլիսիում․
«Յուրահատուկ կերպով ընկերություն էր անում վրացի գրողների հետ՝ Իոսեբ Գրիշաշվիլի, Տիցիան Տաբիձե: Կան հրապարակված հիշողություններ, նամակագրություններ: Գրիշաշվիլին խոստացել էր նաև թարգմանել Թումանյանի գործերը, ու վերջինիս մահվանից մեկ տարի անց արդեն հրապարակվեց ժողովածուն»:
Լևանն ասում է՝ վրաց հասարակությանը հենց նման փաստեր են հետաքրքիր: Նա հույս ունի, որ հետագայում տվյալ զեկույցը կներկայացվի նաև բրոշյուրների տեսքով ու կտարածվի: