«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝
- Անցած շաբաթը Վրաստանում մեկնարկեց Զատկի տոնին հաջորդող մեռելոցով: Զատկին հաջորդող՝ ննջեցյալների հիշատակության օրը վրաստանյան գերեզմանատներում որպես կանոն ոչ միայն մարդաշատ է, այլև՝ սննդառատ: Ուղղափառ եկեղեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը նշեց ապրիլի 28-ին:
- Վրաստանում նշվեց Եվրոպայի խորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյակը: Պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն: ԵԽԽՎ նախագահը Վրաստանից հեռացավ կարևոր ուղերձներով: Նա Վրաստանի տարածքների օկուպացիայի հարցին անդրադարձել է ելնելով Եվրոպայի խորհրդի դիրքորոշումից, նշելով, որ խորհուրդը չի համակերպվի Վրաստանի տարածքների օկուպացիայի հետ և Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի մասն են:
- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց էր տվել «Ամերիկայի Ձայնին»՝ նշելով, որ ցանկալի չի համարում Վրաստանում ամերիկյան բազայի կառուցումը: Այս հայտարարությունը բավականին ակտիվ քննարկումների և ընդդիմության խիստ քննադատությանն արժանացավ։
- Մայիսի 2-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Վրաստանի լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց անցկացրեց: Ադրբեջանական սահմանապահների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանքը փակելուց հետո ակտիվ քննարկումներն ու վրաց հասարակության արձագանքը շարունակվում է: Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարությամբ համատեղ հանձնաժողովը կվերսկսի աշխատանքները՝ սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի համար համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
- Մայիսի 3-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց սեռական ոտնձգության մասին օրինագիծ: Օրինագծի համաձայն հանրային տարածքում սեռական ոտնձգության հսկողությունը կիրականացնի պարեկային ոստիկանությանը, փաստը հաստատվելու դեպքում տուգանքը կկազմի 300 լարի: Իսկ այն դեպքում, երբ նույն անձը նմանատիպ գործողությունը մեկ տարվա ընթացքում կկրկնի, տուգանքը կկազմի 500 լարի: