«Եթե որևէ կազմակերպություն խախտել է Վրաստանի օրենսդրությունը, ապա այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները և ոչ թե ԱԳՆ-ն»: Նման մեկնաբանություն է արել Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն` պատասխանելով Վրաստանում ռուսական «Yandex Taxi» ընկերության գործունեության մասին հարցին: Լրագրողները փորձել են պարզել, թե ռուսական ընկերությունը արդյո՞ք չի խախտում «օկուպացված տարածքների մասին» օրենքը:
Ջանելիձեն նշել է, որ վրացական բիզնես միջավայրը երկրի օրենսդրության համաձայն բաց է ցանկացած, այդ թվում և ռուսական կազմակերպությունների համար, տեղեկացնում է «interpressnews»-ը:
Հիշեցնենք, որ «Yandex Taxi» ընկերության մուտքը վրացական շուկա միանշանակ չի ընկալվել։ Ընկերությունն իր հիմնական քարտեզների վրա Աբխազիան և Հարավային Օսիան չի համարում Վրաստանի տարածք, ինչը նշանակում է, որ այն խախտում է «օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը: