Ախալցխայի բռնցքամարտի դահլիճից մայիսի 1-ին դուրս բերվեց սպորտային գույքը և դահլիճը հանձնվեց դպրոցի տնօրինությանը։ Մարզիչ Գևորգ Շուշանյանի խոսքերով պայմանավորվածություն կար դպրոցի տնօրենի հետ, որ սպորտային գույքը դուրս չի բերվելու դպրոցին պատկանող դահլիճից, որպեսզի այլ մարզիչ գար և շարունակեր մարզել երեխաներին։
Այս հարցի շուրջ դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան հրաժարվում է մեկնաբանություն տալ։ Գրում է Սամցխե-Ջավախքի լրատվական կայքը:
Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ախալցիխե քաղաքի թիվ 3 դպրոցում հիշյալ մարզադահլիճը գործում է 1993 թվականից, սակայն վերջին տարիներին հայտնվել է փակման եզրին, քանի որ դպրոցի տնօրինությունն այլևս պայմանգիր չի կնքում մարզադահլիճի ղեկավարի հետ։
Ամեն տարի վարձակալության պայմանագիր է կնքվել դպրոցի և մարզադահլիճի հիմնադիր և գլխավոր մարզիչ Գևորգ Շուշանյանի միջև, սակայն, ինչպես դեռևս անցած տարվա նոյեմբերի 20-ին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել էր Գևորգ Շուշանյանը, արդեն երկրորդ տարին է իրեն չի հաջողվում պայմանագիր կնքել, գործը դատարանում է: Դատարանը թույլատրել էր մարզումներ անցկացնել, թեև վարձակալության հարցը դեռ լուծում չէր ստացել:
Իսկ մեկ ամիս առաջ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցները փորձել էին Ախալցիխեի թիվ 3 դպրոցից դուրս բերել մարզադահլիճի գույքը՝ փակելով այն։ Դպրոցի տարածքում հավաքված քաղաքացիները բողոքի ցույց անցկացրին՝ պահանջելով չփակել մարզադահլիճը:
Մարզադահլիճի շուրջ ծավալված իրադարձություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Ախալցիխեի մարզադահլիճը կռվախնձոր․ կողմերն անզիջում են, տուժում են մարզիկները։