Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 14,6 կմ ճանապարհահատվածի նորոգումը կավարտվի հոկտեմբերին, հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից էլ նշում են, որ Սամցխե-Ջավախեթիի շրջանը նկատելի է իր կոշտ կլիմայական (ձյուն, ցուրտ, սառույց) պայմաններով, ինչի համար էլ ճանապարհաշինարարական ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել նորոգման աշխատանքները: Իսկ եղանակը բարելավվելուց հետո աշխատանքները վերսկսվել են:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասված ճանապարհի ամբողջական նորոգում, ճանապարհի ընդլայնում, երկաթբետոնե երեք կամուրջների և ջրատարների նորոգում: Նախատեսվում է նաև ճանապարհային նշանների տեղադրում:
Ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով, այս հատվածն անցնում է Գորելովկա, Ժդանովկա գյուղերով և ավարտվում վրաց-հայկական սահմանին:
Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա արժեքը գերազանցում է 13,8 միլիոն լարին (ավելի քան 5,1 միլիոն դոլար):