Պանկիսիի կիրճում տեղի ունեցած միջադեպի հետաքննության շրջանակներում տեղի բնակիչները իշխանություններին կոչ են անում զերծ մնալ ձերբակալություններից: Նրանց խոսքով, եթե սկսեն մարդկանց ձերբակալել, կրկին դուրս կգան՝ պաշտպանելու իրենց համագյուղացիներին:
Ինչ վերաբերում է կիրճում այս պահին առկա իրավիճակին, Պանկիսիի բնակչության մեծ մասը պատրաստ է իշխանությունների հետ բանակցություններ սկսել: Տեղացիները հավաքվել են Բիրկիան գյուղում և որոշակի համաձայնության եկել: Պանկիսիում նախատեսվող ՀԷԿ-ի կառուցումը հետաձգվել է, քանի դեռ բնակչությունն իր համաձայնությունը չի տա:
Դեռևս հայտնի չէ, թե երբ իշխանության ներկայացուցիչներն ընդլայնված քննարկումների համար կժամանեն Պանկիսի:
ՆԳ նախարարությունը ոստիկանների վրա հարձակման և ոստիկանական տեխնիկան վնասելու դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Պանկիսիի մոտ 50 բնակիչ՝ ի նշան բողոքի փորձել է խոչընդոտել Ալազան գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Սրան ի պատասխան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ ջոկատայիններ է մոբիլիզացրել տարածքում, որից հետո տեղի է ունեցել բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել: Իրենց հերթին քաղաքացիները քարեր են նետել, ինչի հետևանքով տասնյակ ոստիկաններ ու հատուկ ջոկատայիններ են տուժել: