Վրաստանի Ախմետայի շրջանում գտնվող Պանկիսի կիրճում, որտեղ տեղակայված են չեչեն-կիստերի բնակավայրեր, Ալազան գետի վրա ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են տեղի բնակիչները:
Այսօր առավոտյան տեղի մոտ 50 բնակիչ ի նշան բողոքի փորձում էին խոչընդոտել ՀԷԿ-ի կառուցումը: Սրան ի պատասխան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ ջոկատայիններ մոբիլիզացրեց տարածքում, որից հետո տեղի ունեցավ բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև: Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ:
Պանկիսիում ՀԷԿ-ի կառուցման հետևանքների մասին խոսել են նաև փորձագետները: Ըստ նրանց, ՀԷԿ-ի շինարարությունը շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն չի ունենա, և որևէ վնաս չի հասցնի բնակչությանը, քանի որ այդ էլեկտրակայանը կունենա ընդամնեը 5 մեգավատ ուժ, ինչն էլ փոքր և աննշան է:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գիորգի Չիքովանին նշում է, որ «նախարարության դիրքորոշումն է` ՀԷԿ-երը պետք է կառուցվեն և կկառուցվեն»:
Իր հերթին ՆԳ նախարար Գիորգի Գախարիան արդեն Պանկիսիի կիրճում է: Ըստ նրա, ՆԳՆ-ն պաշտպանում է կոնկրետ շինարարական ընկերության, ինչպես նաև տեղի բնակչության շահերը: Նրա խոսքով, այս փուլում ՀԷԿ-ի մասին խոսելը կարևոր չէ, քանի որ վնասված են սարքավորումները և վիրավոր է ՆԳՆ-ի 15 աշխատակից:
Պանկիսիում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հանդես է եկել հայտարարությամբ.
«Պանկիսի կիրճի իրադարձությունները չափազանց մտահոգիչ են: Ես կոչ եմ անում երկու կողմերին վարել բանակցություններ և լուծել հարցը բանակցային ձևով: Պետության և բնակչության երկխոսությունը պետք է շարունակվի, կարևոր է տեղեկացնել բնակչությանը, ինչպես նաև լսել իրենց կարծիքը: Ես պատրաստ եմ հանդիպել երկու կողմերին էլ: Այս փուլում ամենակարևորը չխորացնել հակամարտությունը և պաշտպանել մարդկանց անվտանգությունը», — գրված է Հանրային պաշտպանի տարածած հայտարարության մեջ:
Հավելենք նաև, որ Պանկիսի բնակչության մի մասը հավաքվել և աղոթում էր հենց շինարարության վայրում: Ըստ տեղացիների, նրանք թույլ չեն տա, որ կիրճում կառուցվեն ՀԷԿ-եր: Նրանք ասում են, որ կմնան տեղում այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց ուզածին:
Ի դեպ, այսօր (19:00-ին) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև, ի համերաշխություն Պանկիսիի բնակիչների ակցիա է նախատեսվում։