«Փլավը, ձուն, հայկական լավաշը, ձուկը, թարխունը, զատկական ավանդական թխվածքն անպակաս են այսօրվա տոնական սեղանից։ Հարսս լավ բուլկիներ է թխում տանը, Զատիկը մեր սիրելի տոներից մեկն է»,- Թբիլիսիի սբ Էջմիածին եկեղեցու բակում զրուցում ենք զատկական պատարագին մասնակցող հավատացյալների հետ, ովքեր կիսվում են իրենց հայտնի զատկական ավանդույթներով, տոնական ուտեստների ցանկով:
Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից Անահիտ Միրզոյանը, որ այսօր Թբիլիսիում է բնակվում, և Վրաստանի Մառնեուլիի շրջանի Շահումյան ավանից Կարինե Բաղիրյանը, որ թոռնիկների հետ են եկել Հավլաբարի եկեղեցի, հետաքրքիր պատմություններ ունեն քրիստոնեական եկեղեցու տոնի հետ կապված։
«Օրինակ Շահումյանում տոնում ենք հարևանների հետ միասին՝ փոխանակելով երեխաների ներկած հավկիթները»,- ասում է տիկին Բաղիրյան:
Ասում են`ամեն ինչից զատ Զատիկը նշում են երկու անգամ՝ Հայ առաքելական եկեղեցու և Վրաց Ուղղափառ եկեղեցու տոնացույցով։
«Մեկ շաբաթ է տարբերությունը, բայց պատահում է, որ տոնը համընկնում է երկու եկեղեցիների օրացուցյով: Ավանդապես այսպես ենք տոնել, ամեն դեպքում երկու անգամ ենք ուրախանում: Քանի որ Վրաստանում ենք ապրում, չենք ուզում նրանց խաթրին կպնել»,- կատակում են տիկնայք:
«Ալիք Մեդիան» նաև փոքրիկ հարցում է անցկացրեց եկեղեցու բակում՝ պարզելով, որ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների մի ստվար հատվածը տոնն իսկապես նշում է երկու անգամ:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Ի դեպ, Վրաց Ուղղափառ եկեղեցին սուրբ Հարության տոնը կնշի ապրիլի 28-ին։