Վրաստանում վարորդական իրավունքի միավորներն այսուհետ հնարավոր է սպառվեն նաև տեսախցիկների կողմից արձանագրված խախտումների արդյունքում։
ՆԳ նախարարությունը արդեն մշակել է փոփոխությունների փաթեթը, որի համաձայն, տեսախցիկների գրանցած խախտումները ևս կանդրադառնան վարորդական իրավունքի 100 բալանոց համակարգի վրա:
Գերատեսչությունը պարզաբանում է, որ տեսախցիկները վարորդներին չեն հայտնաբերում, և իրավախախտում գրանցվելու դեպքում միավորներ կպակասեն այն անձի վարորդական իրավունքից, ում անունով գրանցված է ավտոմեքենան:
«Մենք արդեն պատրաստել ենք վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները: Դրանք մոտ ապագայում կներկայացնենք կառավարությանը, հետո՝ խորհրդարանին: Ցանկություն կա, որ այս նորությունն ուժի մեջ մտնի հենց այս տարի»,- հայտարարել է ՆԳ փոխնախարար Նինո Ջավախաձեն:
Հիշեցնենք՝ տարեկան կտրվածքով տրված վարորդական իրավունքի 100 միավորը ամբողջությամբ սպառելու դեպքում քաղաքացին զրկվում է վարորդական իրավունքից։