Շատերը կարծում են, որ Մառնեուլիի շրջանը պրոբլեմատիկ է: Ես այդպես չեմ համարում, ընդհակառակը` հպարտ եմ, որ աշխատում եմ նման էթնիկ բազմազանության պայմաններում: Ինչպես գիտեք, մեր շրջանը առանձնանում է կրոնական և էթնիկ բազմերանգությամբ: Շրջանում մոտ 20 էթնիկ խմբի ներկայացուցիչներ են ապրում՝ մեկ ընտանիքի նման: Չնայած նրան, որ մեր հարևան երկրների միջև հարաբերությունները սրված են, մենք անում ենք ամեն ինչ` իրավիճակը խաղաղ պահելու նպատակով և կարող եմ հպարտությամբ նշել, որ մեզ մոտ դա ստացվում է: Այստեղ չեք գտնի մի հարսանիք, որտեղ հրավիրված չլինեն ինչպես վրացիներ, այնպես էլ հայեր և ադրբեջանցիներ: Շրջանի ղեկավարության խմբով մտածում ենք ինչպես հետաքրքրել մեր զբոսաշրջիկներին: Իհարկե, տեսարժան վայրերը շատ մեծ դեր են խաղում, սակայն Մառնեուլիի շրջանը ունի ևս մեկ առավելություն, որը զբոսաշրջիկներին կարող է շատ հետաքրքրել: Ինչպես գիտեք, Վրաստանը միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ։ Մառնեուլին նույնպես աչքի է ընկել այդ հատկանիշով, ինչը հնարավորություն է տալիս այս շրջանում զարգացնել էթնո-տուրիզմը և այս մասին մենք հիմա մտածում ենք: Մենք դա այսպես ենք պատկերացնում, օրինակ՝ զբոսաշրջիկը գալիս և մեկ օր ապրում է հայկական ընտանիքում՝ ծանոթանալով նրանց մշակույթ-ավանդույթներին, հաջորդ օրը՝ ադրբեջանական, մյուս օրը՝ վրացական և այսպես շարունակ: Հետագայում էթնո-տուրիզմը կվերաճի ագրո-տուրիզմի: Մառնեուլիի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող ազգերի բարեկամությանը նպաստող ծրագիրներից է «One Caucasus» փառատոնը, որն արվեստի միջոցով միավորել է տարբեր ազգերի ներկայացուցիչների՝ դառնալով այս տեսանկյունից յուրահատուկ միջոցառում: Տարբեր միջոցներով փորձում ենք աջակցել նաև բնակչության ինտեգրմանը, որը շատ կարևոր հարց է: Երիտասարդների մի մասը սովորում է պետական համալսարաններում՝ 4+1 ծրագրի շրջանակներում: Գործում են նաև վրացերենի ուսուցման հատուկ կենտրոններ: Շատ կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ մարդիկ իրենք են սկսել գիտակցել լեզվի կարևորությունը: Մտադիր ենք իրականացնել նաև փոխանակման ծրագրեր (Հայաստան֊Վրաստան, Ադրբեջան-Վրաստան): սկսել ենք համագործակցել տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որպեսզի երիտասարդներին հնարավորություն տանք կրթական ծրագրով մեկնել այլ երկրներ: Մեր հիմնական նպատակն այն է հասնել նրան, որ Մառնեուլիի շրջանի յուրաքանչյուր բնակիչ իրեն զգա որպես Վրաստանի լիարժեք քաղաքացի: