Տաքսու վարորդները Թբիլիսիի քաղաքապետարանի հետ որոշակի համաձայնության են եկել: Այս մասին հայտարարել են վարորդները:
«Նախաձեռնող խումբը ընդունել է որոշում, որ չի խառնվելու որևէ քաղաքական ուժի քաղաքական խաղերում և պայքարը շարունակելու է մաքուր ձեռքերով: Քաղաքապետարանի հետ բանակցում ենք, որոշ հարցերի վերաբերյալ արդեն համաձայնության ենք եկել: Այս գործընթացը շարունակվելու է, կհամագործակցենք քաղաքապետարանի հետ»,- հայտարարել է նախաձեռնող խմբի ղեկավար Վալերի Քադագիշվիլին:
Նրա խոսքով, քաղաքապետարանի հետ որոշակի համաձայնության են հասել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների հարցում: Ինչ վերաբերում է նոր կանոնակարգերի հետաձգման մասին պահանջներին, նախաձեռնող խմբից հույս են հայտնել, որ նշվածի վերաբերյալ նույնպես համաձայնության կգան:
Հիշեցնենք՝ քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ, Թբիլիսիում արգելվել է շահագործել աջ ղեկով, պարտադիր գրանցում չանցած ու ոչ սպիտակ մեքենաները: Այսօրվա դրությամբ գրանցում է անցել մոտ 27 հազար տաքսի: Գրանցման ծառայությունը վճարովի է, փոխարենը քաղաքապետարանը նվիրում է տաքսու նշան, մեքենան սպիտակ ներկելու վաուչեր, անվճար տրամադրում է կայանատեղի, հնարավորություն տալիս մեքենայի վրա գովազդ տեղադրել ու գումար վաստակել:
Այս որոշումից դժգոհ վարորդներն արդեն մի քանի անգամ ակցիաներ են անցկացրել, օրեր առաջ քաղաքի կենտրոնում հերթական ակցիան միջադեպերով էր ուղեկցվել: