Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքիում է: Այցը համընկել է Վրաստանում մայրենի լեզվի տոնի հետ: Այս առիթով Զուրաբիշվիլին մի քանի կարևոր ուղերձ է հղել տեղի բնակիչներին: Իր խոսքում Զուրաբիշվիլին ասել է.
«Որպեսզի վրացերենն այս երկրում իրական պետական լեզու դառնա, այսինքն բոլորի լեզուն, ինչպես ես եմ բոլորի նախագահը, Սահմանադրությամբ պատասխանատվություն եմ կրում այս լեզվի տարածման համար»,- ասել է Զուրաբիշվիլին:
Երկրի նախագահն իր խոսքում խոսել է նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մասին:
«Ապրիլի 14-ն ինձ համար շատ կարևոր օր է` մայրենի լեզվի օրը և կարևոր է, որ այսօր այստեղ եմ գտնվում: Ուզում եմ հիշել մի մարդու, ում անունը կրող աստղը բացվեց Եվրոպայի սրտում, Ստրասբուրգում: Նա է այն դպրոցի հիմնադիրը, որն օգնում է մեզ դառնալ լիարժեք քաղաքացիներ: Ես էլ էի մանուկ հասակում վրացերեն սովորում մայրիկիս, հայրիկիս, տատիկիս հետ»:
Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար, ասելով. «Գիտեմ, որ վրացերեն չեք հասկանում, կամ հասկանում եք որոշ չափով, բայց միևնույնն է եկել եք: Շնորհակալություն»։
Զուրաբիշվիլին, շեշտը դնելով վրացերենի տարածման վրա, նշել է, որ հարկավոր է Ախալքալաքիում բացել վրացալեզու մանկապարտեզներ:
«Եթե ուզում ենք հասկանալ ու հարգել միմյանց, պետք է իմանանք պետական լեզուն»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նախագահը խոսել է նաև երկքաղաքացիության մասին: Նրա խոսքով բոլոր նրանք, ովքեր ուզում են վերադարձնել կամ վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը, պետք է տիրապետեն պետական լեզվին: