Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:
Իմ գյուղը, իմ հայրենիքն է, իմ օդը, իմ ջուրը, իմ մանկությունը, իմ ծննդավայրը, իմ ներկան ու ապագան։ Իմ սիրելի, իմ հարազատ գյուղ սիրում եմ քեզ շատ, քո բոլոր խնդիրներով ու հոգսերով հանդերձ… ամենագեղեցիկը, ամենայուրահատուկն ու ամենալավը։
Իմ գյուղը` Աշխալան, որը գտնվում է Ծալկայի շրջանում, մոտ երկու հարյուր տարի առաջ հիմնվել է մեր նախնիների կողմից, որոնք գաղթել են պատերազմի ժամանակ Էրզրումի՝ Աշխալա գյուղաքաղաքից և գալով այստեղ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հիմնել են գյուղը։ Երբ գյուղ ես մտնում նրա ձախակողմյան մասում աչք են շոյում ամբողջ գյուղի երկայնքով ձգվող բարձր ու սիրուն սարերը, որոնք պատված են սաղարթախիտ անտառներով, բարձր ու հպարտ եղևնիներով։ Ես հաճախ գնում եմ անտառ հանգստանալու, շնչելու անտառի մաքուր ու զովացուցիչ օդը, ունկնդրելու թռչունների դայլայլը։ Անձրևից հետո սնկերը իրենց փոքրիկ գլխիկները դուրս են հանում և ողջունում ինձ, անտառում զբոսնելիս ոտքերիս տակ զգում եմ ազնվամորու առկայությունը, որը ասես ուրախ-ուրախ ողջունում է ինձ և աչքով անում։
Ասում են արագիլները բարության խորհրդանիշներ են և ես շատ ուրախ եմ, որ արագիլներն իմ գյուղում ևս ապաստան գտան այս տարի, դա նշանակում է, որ իմ գյուղն էլ բարի է և արագիլներն այստեղ գալով իրենց պաշտպանված են զգում:
Իմ գյուղը ունի եռանկյունաձև տեսք, հետաքրքիրն այն է, որ նրան, որ կողմից էլ նայես, այն ամբողջությամբ չի երևում, գյուղը լրիվությամբ տեսնում են միայն երկնքում ճախրող թռչունները, երանի նրանց, որ կարող են տեսնել գյուղը ողջ գեղեցկությամբ։ Ես էլ կուզեի մի քանի րոպեով թռչուն դառնալ և հիանալ գյուղիս ողջ հմայքով։ Սարերի բարձրությունից ևս նա շատ գեղեցիկ է երևում։ Երբ բարձրանում եմ սար, այնտեղից բացվում է մի շատ գեղեցիկ տեսարան, իմ գյուղը իր ողջ ներկապնակով։ Գյուղի մեջտեղից ոլոր մոլոր հոսող առվակը գյուղը բաժանում է երկու մասի։ Այն սկիզբ է առնում երկու կողմից ձգվող հսկայական ժայռերի մեջտեղում գտնվող մեր ձորից։
Մեր ձորը… մի ուրիշ աշխարհ է մեր ձորը՝ իր «Արջի գյոլով» որտեղ հնում ասում են արջերն են լողացել, որտեղից էլ առաջացել է «Արջի գյոլ» անվանումը։ «Լույս աղբյուրով», ուր ըստ ավանդույթի գնում ենք մոմ վառելու և մեր հանգիստը բնության գրկում անցկացնելու, հիանալու բարձր ժայռերից կախված թփերով և քարանձավներով։ Այդ քարանձավներում հնում, կռվի ժամանակ գյուղացիները պատսպարվել են թշնամուց։ Բարձր քարերի վրայից շառաչյունով թափվող ջրի հոսքը տեղ-տեղ փորելով առաջացրել է փոքրիկ լողավազաններ, որտեղից լսվում է լողացող երեխաների ճիչն ու աղաղակը։
Իմ գյուղը հարուստ է մրգատու ծառերով։ Աշնան գալուն պես ծառերը ծանրանում են մրգերի առատությունից և երբ անցնում ես նրանց կողքով, մրգերը իրենց հմայքով գերելով, ստիպում են մոտենալ ու համտեսել իրենց։ Իմ գյուղը գեղեցիկ է նաև ձմռանը, երբ ամենուր պատված է սպիտակ ձյունով, տանիքներից վեր է բարձրանում վառարանների ծուխը, մի տեսակ հանգստություն է իջնում գյուղիս վրա։ Մի խոսքով, իմ գյուղը գեղեցիկ է տարվա չորս եղանակներին էլ, թե գարուն, թե ամառ, թե աշուն, թե ձմեռ։ Նա գեղեցիկ է նույնիսկ գիշերով, երբ դրսում մթնում է, սկսվում են վառվել փողոցի լապտերները, որոնք ձգվում են ողջ գյուղի երկայնքով և լուսավորում խոր քնի մեջ ընկած իմ գյուղը՝ իմ Աշխալան, առանց որի անհնար է ապրել լիարժեք:
Հեղինակ՝ Թութիկ Տերբալյան