ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում խոսելով Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների մասին, հայտարարել է, որ Վրաստանի և Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունեն: Փաշինյանը նաև խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին և ընդգծել, որ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում:
«Իհարկե, մենք ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները այնքան էլ լավ չեն, բայց ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերությունները, իսկապես, բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Իհարկե, դուք գիտեք, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք ու սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան կարծում եմ բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, որովհետև այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը: մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին` ես արդեն իսկ ընդհանուր առմամբ ընդգծեցի մեր պատկերացումը: Եվ ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև մյուս հարևանների հետ, պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում և ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունը կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը:
Տեսանյութն` այստեղ