Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի և Եվրախորհրդի շահերն ու Վրաստանում ընթացող բարեփոխումների խնդիրները:
Ինչպես նշվում է վարչապետի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, 2019 թվականը հոբելյանական է ինչպես Եվրախորհրդի համար՝ գործունեության 70 ամյակն է, այնպես էլ Վրաստանի համար՝ անդամակցության 20-ամյակը: Հատուկ ուշադրություն է դարձվել վերջին տարիների ինտենսիվ համագործակցության կոնկրետ արդյունքների և Եվրոպայի խորհրդի առջև ծառացած մարտահրավերների վրա:
Վարչապետն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքում հակամարտության վերաբերյալ զեկույցի և ընդունված որոշումների, ինչպես նաև Վրաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի մշակման համար:
Իր հերթին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև բարձր մակարդակի հարաբերությունները և խոսել Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող կարևոր աշխատանքների մասին:
Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Եվրոպայի խորհրդի պատվավոր հյուրերի գրքույկում գրառում է կատարել: