Ստրասբուրգում կբացվի վրաց քաղաքական գործիչ Զուրաբ Ժվանիայի անվան աստղ: Վրաց քաղաքական գործչի աստղը տեղ կգտնի Եվրոպայի խորհրդի պալատի տարածքում, այնպիսի քաղաքական գործիչների աստղերի կողքին, որոնք հատուկ ներդրում են ունեցել Եվրոպայի խորհրդի գործունեության մեջ:
Աստղի վրա Ժվանիայի անվան հետ միասին կգրվի նաև նրա ամենահայտնի արտահայտություններից մեկը. «Ես վրացի եմ, և ուրեմն ես եվրոպացի եմ»: Այս արտահայտությունը Զուրաբ Ժվանիան արել է 20 տարի առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում, որից հետո միաձայն ընդունվեց Վրաստանի անդամակցությունը Եվրախորհրդին:
Ժվանիայի անունով է կոչվում հրապարակ և փողոց Վրաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Քութայիսիի Հանրային կառավարման բարձրագույն դպրոցը, որի նախաձեռնողը ևս եղել է Ժվանիան: Բացի այդ, Վրաստանի խորհրդարանում, որտեղ Ժվանիան աշխատել է 1995-ից մինչև 2003 թվականը, տեղադրվել է նրա կիսանդրին: Ժվանիան մահացել է 2005 թվականին՝ ըստ պաշտոնական վարկածի՝ գազի թունավորումից։
Հավելենք՝ այս օրերին նշվում է Վրաստանի՝ Եվրախորհրդին անդամակցության 20 ամյակը: Այդ առիթով Ստրասբուրգում է նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: