Վրաստանի քաղաքացիություն. Ստանալու, պահպանելու կամ վերականգնելու ճանապարհները

2017-ին Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ ընդունեց, որոնցով արգելվեց Վրաստանի քաղաքացիությունից զրկելը՝ այլ քաղաքացիություն ստանալու դեպքում:

Սա որոշակի պայմանների դեպքում միայն: Փաստաբան Գուրգեն Եզոյանի խոսքերով՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությունը տարբեր կատեգորիաների մարդկանց համար տարբեր ազդեցություն է ունեցել:

  • ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Մինչև սույն թվականի օգոստոսը, նախկինում այլ երկրի քաղաքացիություն ստացած Վրաստանի քաղաքացիները կարող են դիմել՝ այն օրինական ճանաչելու համար: Այս ծառայությունն ի սկզբանե անվճար էր, հիմա 250 լարի է: Նշված ժամկետից հետո քաղաքացին այլևս չի կարողանա քաղաքացիության պահպանման պահանջով դիմել պետությանը և կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը:

Եթե դիմողն անչափահաս է ու ծնվելով է ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն, այսինքն ծնողներից որևէ մեկը երեխայի ծնվելու պահին եղել է Վրաստանի քաղաքացի, դիմելու ժամկետը մինչև 18 տարեկանը լրանալն է:

«Սա անցումային օրենք է,  իսկ հիմնական օրենքը պահանջում է՝ քաղաքացիության համար այլ երկրի դիմելուց առաջ նախ պետք է դիմումով տեղեկացնել Վրաստանին: Օգոստոսից հետո այս կարգը չպահպանելու դեպքում քաղաքացին կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը»,— ասում է Գ. Եզոյանը:

 

  • ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Նոր կարգավորումներով հնարավորություն կա քաղաքացիությունը վերականգնել:

Եթե Վրաստանի քաղաքացիությունը անձը կորցել է այլ քաղաքացիություն ստանալու պատճառով, հնարավորություն ունի այն վերականգնել մինչև 2020-ի դեկտեմբեր՝ հանձնելով վրացերենի քննություն:

Վրաստանի՝ որպես երկրորդ քաղաքացիություն ստացողները 3 քննություն են հանձնում՝ վրացերեն, Վրաստանի պատմություն ու Վրաստանի սահմանադրություն: Յուրաքանչյուր քննության հարցաշարում 200 հարց է, դրանք պատասխանների հետ մեկտեղ տեղադրված են Արդարադատության նախարարության պաշտոնական էջում:  Քննության հարցաշարում 30 հարց է (10-ական յուր. քննությունից): Քննությունը հաջողությամբ հանձնած քաղաքացին մասնակցում է նաև հարցազրույցի փուլին:

Քննություն հանձնում են նաև Վրաստանի քաղաքացիությունից դիմումով հրաժարված քաղաքացիները:

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒն

2016-18 թթ.-ին Վրաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 15 հազար օտարերկրացի: Մեծ մասը՝ ավելի քան 6000-ը, ՌԴ-ի քաղաքացիներ են:

Ներկայումս Վրաստանում երկքաղաքացիություն ունի մոտ 60 հազար մարդ:

2006-ից մինչ հիմա ամենաշատ քաղաքացիություն շնորհվել է 2013 թվականին՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք:

Երկրորդ քաղաքացիություն ստանալու հիմքով Վրաստանի քաղաքացիությունից վերջին տարիներին զրկվել է ավելի քան 30 հազար մարդ, նրանց մեծ մասը հայեր են:

  • ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ Վրաստանի օրենքի՝ քաղաքացիության տրամադրման վերջնական որոշումը երկրի նախագահինն է: Սովորական կարգով քաղաքացիության կարող են դիմել այն անձինք, ովքեր 5 և ավելի տարի ապրում են Վրաստանում, գիտեն լեզու, աշխատում են կամ երկրում սեփականություն ունեն: Ծառայության արժեքը 250 լարի է: Քաղաքացիները հանձնում են  քննությունը (լեզու, պատմություն, սահմանադրություն), 90 օր սպասում որոշմանը: Հատուկ գաղտնաբառի միջոցով հնարավոր է հետևել գործի ընթացքին:

  • ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 թ.-ի մարտի 28-ից, Վրաստանի կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել շենգենյան գոտի, որը ներառում է Եվրամիության անդամ 22 և ոչ անդամ 4 երկիր:

Վրացական անձնագիրն ամրապնդել է դիրքերը՝ ըստ 2019 թ.-ի անձնագրի ինդեքսի:  Այսօրվա դրությամբ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզային ռեժիմի կամ պարզեցված կարգով օգտվել աշխարհի 144 երկիր այցելելու իրավունքից:

Այս տարվա մայիսին արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները անվճար անձնագիր ստանալու հնարավորություն կունենան։