«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է տարածել՝ գնահատելով 1989-ի ապրիլի 9-ից ի վեր երկրի անցած ճանապարհը։
Նրա խոսքով, անցյալին վերադարձ չկա, սակայն միշտ պետք է արթուն լինել․ «պետք է հիշենք, որ սատանան ապրում է՝ հրահրելով մեզ նորանոր փորձությունների»:
Իվանիշվիլիի խոսքով, երկրի կայուն առաջընթացի համար անհրաժեշտ են հաստատուն առաջադրանքներ, որոնք պետք է լուծվեն հերթականությամբ ու համբերատարությամբ։ Առաջընթացը, ըստ երկրի իշխող ուժի ղեկավարի, պահանջում է երկարատև քաղաքացիական խաղաղություն:
«Երազանքի իշխանությանը մեղադրում են այն սոցիալ-տնտեսական կոլապսի համար, որում երկիրն ընկավ անմիջապես անկախությունից հետո: Հատկանշական է, որ հիմնականում լսվում է այն մարդկանց դժգոհությունը, ովքեր այս տարիների ընթացքում ամեն ինչ արել են, որ երկիրը դուրս չգա այդ վիճակից»,- ասված է ապրիլի 9-ի 30-րդ տարելիցի առթիվ Բիձինա Իվանիշվիլիի տարածած նամակում։