Հեռանալու մասին հայտարարությունը պաշտոնական որոշում չէր. Վիրահայոց թեմի մամլո դիվան

Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանն «Ալիք մեդիային» փոխանցեց, որ թեմակալ առաջնորդի հեռանալու մասին լուրը պաշտոնական չէ։

«Ես խոսեցի սրբազանի հետ, նա ասաց, որ դա պաշտոնական հայտարարություն չէր, եղել է ուղղակի հանդիպման ժամանակ զրույց, որի ընթացքում նա ասել է, որ պատրաստվում է, մեծ ցանկություն ունի գնալու, բայց հարցը դեռ որոշված չէ, եթե դրական որոշում լինի, կլինի նաև պաշտոնական հայտարարություն»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը

Հիշեցնենք՝ նախօրեին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ջավախք էր այցելել, ներկայացրել Ջավախքի նորանշանակ փոխառաջնորդին։ «Ջեյ նյուզ» լրատվականը գրել էր, որ սրբազանի խոսքով՝ սա նրա վերջին այցելությունն է Ջավախք՝ որպես թեմակալ առաջնորդ։