Վրաստանում այս օրերին անցկացվում է «Էթնոլաբ» նախագիծը՝ երկրի ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով ավելի մոտիկից ծանոթանալ էթնիկ ու կրոնական բազմազանությանը։
Երկրի ազգությամբ ադրբեջանցի, հայ, չեչեն, եզդի և մի շարք այլ էթնիկ խմբերի 18-ից 25 տարեկան երիտասարդները վրացի հասակակիցների հետ մարտի 23-31-ը նախագծի շրջանակներում բացահայտում են քաղաքի հիմնականում հին թաղամասերում պահպանվող, զբոսաշրջիկներին հիացնող իրենց երկրի հարստությունը։
Նախագծի նպատակը անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից կողք կողքի ապրող ու մի երկիր ներկայացնող այս ուսանողների ինտեգրումն է, նրանց մշակույթների մերձեցումը, ազգամիջյան խնդիրների հաղթահարումը։
«Էթնոլաբի» կազմակերպիչներից Քեթի Թավդգիրիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ծրագրի ավարտին մասնակիցներից ակնկալում են ոչ միայն իրենց շրջապատի մասին իրազեկվածության բարձրացում, այլև «ջերմ, ընկերական հարաբերությունների հաստատում, որը համերաշխության, խաղաղ համակեցության երաշխիքն է»: Նրա խոսքով, բազմադարյա խաղաղ համակեցությունը նմանօրինակ նախագծերով ևս ամեն գնով պետք է պահպանել։
Նախագծի մասնակիցներն արդեն «էթնոտուր» են անցկացրել մայրաքաղաքում՝ լինելով կողք կողքի վեր խոյացող հայկական Սուրբ Նշան եկեղեցում, մուսուլմանական մզկիթում, հրեական Սինագոգում և Վրաստանի Սիոնի մայր տաճարում:
«Մենք պատրաստվում ենք ազգային գրադարանում «մշակույթների ցուցահանդես» խորագրով միջոցառմանը, որտեղ յուրաքանչյուր էթնիկ խումբ կներկայացնի իր մշակույթը։ Կկազմակերպվեն նաև բանավեճ-քննարկումներ էթնիկ ու կրոնական բազմազանության շուրջ», — ասում է Թավդգիրիձեն։
«Էթնոլաբը» իրականացվում է Վրաստանի պատրիարքարանի ֆինանսավորմամբ և World Vision Georgia-ի աջակցությամբ: Ծրագրի գաղափարի հեղինակներն ու կազմակերպիչներն են SKYE (Skills and Knowledge for Youth Economic Empowerment) Mosaic Club-ի անդամները: