Աբխազիայում սպառնալիք են համարում Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում անդրադարձել են Թբիլիսիում ընթացող «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժություններին՝ դրանք համարելով ազգային անվտանգության սպառնալիք։

«Հաստատակամորեն կոչ ենք անում Թբիլիսիին և Բրյուսելին գիտակցել սեփական ռազմական հավակնությունների ցուցադրության կործանարարությունը»,- ասված է Աբխազիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

«Վրաստանի արևմտյան գործընկերների հերթական գործողությունն ու աջակցությունը որևէ մեկին չի զարմացնում: Սա երկար ժամանակ դարձել է Վաշինգտոնի և Բրյուսելի քարոզչության հռետորության մասը: Դեպի ՆԱՏՕ Թբիլիսիի ձգտումներն էլ ավելի են կասկածելի դարձնում խաղաղասերի մասին Վրաստանի որդեգրած քաղաքականությունը: Ակնհայտ է, թե Վրաստանն արևմտյան գործընկերների հետ ինչպիսի հավանական վտանգների դեմ է պատրաստվում»,- հայտարարում են աբխազական կողմից:

Հատկանշական է, որ զորավարժությունների շրջանակներում մարտի 25-ին Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա իր ելույթում ևս մեկ անգամ հաստատել է, որ դաշինքը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ Ռուսաստանին կոչ անելով հրաժարվել Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից: