Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի Մթածմինդայի ընտրատարածքի մեծամասնական թեկնածու է առաջադրում հայտնի բժիշկ, Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախկին ղեկավար Լադո Կախաձեին:
Վերջինիս ներկայացրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով նաև մի շարք շրջաններում կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետերի թեկնածուներին:
«Վրացական երազանք»-ից Զուգդիդիի քաղաքապետի թեկնածուն Գիորգի Շենգելիան է, Մառնեուլիում՝ Զաուր Դարգալին, Զեստաֆոնիում՝ Գիորգի Գոգլիչիձեն, Ճիաթուրայում՝ Գիվի Մոդեբաձեն, Խոնիում՝ Վախթանգ Բերիձեն:
Մինչ թեկնածուներին ներկայացնելը կուսակցության անդամները «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ հանդիպում են անցկացրել:
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մայիսի 19-ին:
Հիշյալ ընտրատարածքում «Եվրոպական Վրաստանն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինք են ձևավորել՝ միասնական թեկնածու ներկայացնելով Շալվա Շավգուլիձեին։