Օգոստոսի 23-ին Եվրոպայում նշվում է ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի օրը: Եվրախրհրդարանը և ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեան 2009թ. հենց այդ օրը հռչակել են որպես «ամբողջատիրական և բռնատիրական վարչակարգերի զոհերի համաեվրոպական հիշատակի օր»:
Վաստանը այս հռչակագրին միացել է 2010թ.-ին: Վրաստանի խորհրդարանը 2010թ. հուիսի 21-ին ընդունած որոշմամբ օգոստոսի 23-ը հայտարարեց «ամբողջատիրական և բռնատիրական վարչակարգերի զոհերի միջազգային հիշատակի օր»: Նրանում մասնավորապես ասված է. «Ամբողջատիրական ռեժիմի կողմից կատարած հանցագործություններին պետք է տրվի ինչպես իրավական և պատմական, այնպես էլ քաղաքական գնահատական, որպեսզի վերջնականապես արմատախիլ արվեն վերը նշված հանցագործությունների հիմնավորումները: Անցյալում կատարվածի անկախ գնահատականն ու դատապարտումը կարևոր է, որպեսզի ապագայում նման հանցագործությունները չկրկնվեն, իսկ հարյուր միլինավոր զոհերի հիշատակը չպետք է մոռացության տրվի»:
1939 թվականի օգոստոսի 23-ին երկու ամբողջատիրական վարչակարգերը` Խորհրդային միությունը և նացիստական Գերմանիան կնքեցին Մոլոտով (ԽՍՀՄ արտգործնախարար) –Ռիբենտրոպ (Գերմանիայի արտգործնախարար) պակտը, որի համաձայն կողմերը պարտավոր էին չհարձակվել միմիանց վրա` պահպանելով չեզոքություն կողմերից մեկի վրա երրորդ տերության կողմից հարձակման դեպքում: Համաձայնագրի մասնակիցները նաև հրաժարվեցին այլ գերտերությունների հետ միութենական հարաբերություններից, որոնք «ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված են համաձայնագիրը ստորագրող կողմերից մեկի դեմ»:
Այս համաձայնագրին կցված է եղել նաև գաղտնի արձանագրություն՝ «Արևելյան Եվրոպայում ազդեցության գոտիները կիսելու մասին»: Այն նախատեսել է Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան և Սերաբիան ներառել Խորհրդային միության, իսկ Լիտվան և Լեհաստանի արևմուտքը՝ Գերմանիայի կազմում:
Արդեն մեր օրերին՝ 2015 թվականի մայիսի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է՝
«Այդ դաշնագիրը պարունակել է Խորհրդային միության անգտանգության ապահովման իմաստ: Երբ ԽՍՀՄ-ը հասկացել է, որ իրեն մենակ են թողնում հիտլերյան Գերմանիայի հետ, քայլեր է ձեռնարկել, որպեսզի խուսափել ուղիղ բախումներից: Եվ ստորագրվել է այդ պակտը»:
Մերկելը, սակայն, համակարծիք չէ Ռուսաստանի նախագահի հետ: Նրա խոսքով` բարդ է հասկանալ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը», եթե հատուկ ուշադրություն չդարձվի կցված գաղտնի արձանագրությանը. «Խոսքը գնում է պայմանագրին կցված հավելյալ փաստաթղթի մասին, որը նախատեսում էր ԽՍՀՄ-ի ու Երրորդ ռայխի միջև Լեհաստանի ու Արևելյան Եվրոպայի բաժանում: Այդ տեսանկյունից դա սխալ էր, դա արվել է ապօրինաբար»:
Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի մասին շատ է գրվել: Միայն հավելենք, որ Վրաստանում եզակի լրատվամիջոցներ անդրադարձան երկրում պաշտոնապես նշվող այս օրվան: «Tabula.ge» պարբերականը օրվա հոդվածներից մեկում գրում է, որ հենց այս համաձայնագիրն է եղել երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառը: «Բացասական հետևանքների մասին պատմաբանները շարունակում են խոսել նաև այսօր և զուգահեռներ տանում Ռուսաստանի ժամանակակից կառավարության հետ»,— գրում է պարբերականը: