Վրաստանյան մամուլը այսօր առավելապես խոսեց գերմանա-ամերիկյան GFK ընկերության կողմից հրապարակած սոցոլոգիական հարցումների մասին: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ ընկերությունը հեռուստաընկերության պատվերով անցկացրած սոցիոլոգիական հարցման շնորհիվ տվել է հանրության համար կարևոր մի շարք հարցերի պատասխաններ:
Արդյունքները հետևյալն են՝ հարցվածների 47.4 տոկոսը երկրի համար գլխավոր խնդիր է համարում աշխատատեղերն ու գործազրկությունը: Հարցվածների 13 տոկոսը անհագստանում է ցածր աշխատավարձերի ու աղքատության համար, 11 տոկոսի համար կարևոր է տարածքային ամբողջականության խնդիրը, 7.6 տոկոսի համար` կենսաթոշակների, 5.9 տոկոսի համար` առողջապահության, 4.6 տոսկոսի համար գնաճը: Սոցիոլոգիական հարցումը անցկացվել է օգոստոսի 2-18-ը, ուղիղ հարցազրույցի կարգով Վրաստանի ողջ տարածքում հարցմանը մասնակցել է 2 հազար 200 մարդ: Ընկերությունը սխալվելու հավանականությունը համարում է 2.1 տոկոս:
Հարցման արդյունքներին է անդրադարձել նաև «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան` ասելով. «Կարծես մենք ընդհանրապես գոյություն չունենք, այստեղ չենք, նմա կուսակցություն չկա…», — այսպես է գնահատել Ալասնիան գերմանա-ամերիկյան GFK ընկերության կողմից անցկացված հարցման արյունքները:
Ալասանիան ասել է, որ հարցման մասին իր գնահատականը կտա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Միջազգային կազմակերպության կողմից անցկացրած հարցումը գնահատել են նաև «Հանրապետականները»: Կուսակցության առաջնորդներից Թամար Խիդաշելիի խոսքով, զեկույցը չի համապատասխանում իրականությանը:
Օպերային հայտնի երգիչ, ընտրություններից առաջ քաղաքականություն մուտք գործած Պաատա Բուրճուլաձեն, սակայն, քաղաքական ուժերին խորհուրդ է տվել հաշվի առնել արձանագրված արդյունքները:
Բուրճուլաձեն ենթադրում է, որ իր գլխավորած կուսակցությունը (Պետությունը ժողովրդի համար) մինչ խորհրդարանական ընտրություններ էլ ավելի կհզորանա, քանի որ նախնտրական քարոզարշավն այժմ գտնվում է ակտիվ փուլում:
Վրաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները լսարանին տեղեկացրին նաև Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով տեղի ունեցած դատավարության արդյունքների մասին: Netgazeti.ge-ի փոխանցմամբ օգոստոսի 23-ին Գյումրիում Ավտիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող քաղաքի ռուսական ռազմաբազայի ռուս զինվոր Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Պերմյակովը մեղավոր է ճանաչվել առաջադրված բոլոր կետերով:
Հավելելնք, որ հայկական լրատվամիջոցները գրում են, որ Պրեմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում. նրան կփոխանակեն հայ վարորդի հետ:
Վրացական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Պերմյակովի դատավարությունը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերին:
Վրաստանյան մամուլը շարունակում է անդրադառնալ նաև երկրի տարածքում ահաբեկչության փորձին: «Kvira.ge»-ի փոխանցմամբ Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան անդրադառնալով թեմային` ասել է.
«Հասարակությունը մոտ ապագայում կիմանա, թե ահաբեկչության մեջ կասկածյալները որտեղից էին պատվեր ստանում»:
Իզորիան նաև ասել է, որ ամբողջովին վստահում է Պետական անվտանգության ծառայության հայտարարությանը:
«Ես լիովին վստահում եմ Պետական անվտանգության ծառայության հայտարարությանը: Քանի որ խոսում են կոնկրետ հանգամանքներով և ապացույցներով, այլ ոչ թե ենթադրություններ են անում: Թե ինչ կապեր կան և որտեղից են պատվեր ստանում, այս մասին հասարակությունը կիմանա մոտ ապագայում»,- հայտարարել է Լևան Իզորիան:
Հիշեցնենք, որ Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանում կանխել է ահաբեկչական գործողություն: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալված է 7 մարդ, այդ թվում նաև Փոթիի ոստիկանության աշխատակից Լեվան Մամփորիան: Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվածները նախապատրաստվում էին պայթեցնել Ռուսատան-Հայաստան գազատարը: