Վրաց թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչները իրար դեմ են դուրս եկել։
Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին՝ նրան մեղադրելով թագաժառանգի անվան ներքո ներկայանալու ու պատմությունը խեղաթյուրելու համար:
Բագրատիոնի-Վրաստանցիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին թագավորական ընտանիքի անունից Եվրոպայում հանդիպումներ է անցկացնում, պատվոգրեր է հանձնում, սակայն դրա իրավունքը չունի։
Արքայական տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներն էլ միմյանց ինքնակոչ են անվանում:
Հաշվի առնելով գործի կարևորությունը, Թբիլիսիի քաղաքային դատարանն այն քննում է երեք դատավորներից բաղկացած հատուկ կոլեգիայում։ Հայտնի պատմաբան Գիորգի Օթխմեզուրին, ում հայցվող կողմն է դատավարություններին հրավիրվում, ասում է, որ Բագրատիոնի-Վրաստանցիները (մասնավորապես Նուգզար Բագրատիոնին, ով դստեր Աննայի հետ է դիմել դատարան) Քարթլիի և Կախեթիի թագավոր Հերակլ II-րդի և Վրաստանի վերջին թագավոր Գիորգի XII-րդի անմիջական ժառանգներն են, իսկ Բագրատիոնի-Մուխրանելիները՝ Բագրատիոնիների ազգականների ժառանգորդները:
Իր հերթին Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին Նուգզար Բագրատիոնի-Վրաստանցուն իսկական Բագրիատիոնի չի համարում․ նույնիսկ առաջարկել է ԴՆԹ-ի թեստ հանձնել՝ ապացուցելու, որ Բագրատիոնիների տոհմից է, սակայն Նուգզար Բագրատիոնին հրաժարվել է։
Ի դեպ, վրացական այս «գահերի խաղը» սկսվել է հենց հիշյալ հարցից։ Ըստ որոշ լրատվամիջոցների, Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին ասել է, որ իր նախկին կինը, որ համարվում է արքայական տոհմի ուղիղ գահաժառանգ, իրականում Սիխալուլիձե ազգանունն է կրում։
Վրացական «գահերի խաղը» սոցիալական ցանցերում
Աննա և Դավիթ Բագրատիոնիների միջև դատական գործը «վրացական գահերի խաղը» խորագրով սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ է դարձել: Ֆեյսբուքում թագավորական տոհմի տարբեր ճյուղերի մասին պատմող էջեր ու խմբեր են բացվել։
Օգտատերերը դատական այս եզակի իրադարձության ֆոնին սկսել են նաև քննարկել Վրաստանում միապետությունը վերականգնելու հարցը, մանավանդ, որ եկեղեցին դեմ չէ դրան։
Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա երկրորդը ավելի վաղ առաջ էր քաշել երկրում միապետության վերականգնման մասին գաղափարը՝ ասելով, որ այդ կառավարման համակարգը երկրին խաղաղություն կբերի։
«Վրաստանը աշխարհի միապետական հինավուրց երկրներից է։ Գուցե մենք մտածենք այն մասին, թե ինչպես են ապրել նախկինում։ Աստծո ողորմածությամբ մեզ կառավարում էր թագավորը։ Այսօր աշխարհում շատ են դեպքերը, երբ միապետը թագավորում է, բայց չի կառավարում», -ասել էր վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը։
Բագրատիոնիների թագավորությունը
Բագրատիոնիների թագավորությունը սկիզբ է առել 978 թվականին՝ Բագրատ III-ի գահակալությամբ։ Բագրատիոնիների դինաստիան իշխել է մինչև1801 թվականը, երբ կայսր Ալեքսանդր 1-ինի հրամանով վրացական թագավորությունը միացվեց Ռուսաստանին,
Այսօր համարվում է, որ Բագրատիոնների երեք ճյուղ գոյություն ունի՝ Վրաստանցի, Մուխրանելի և Իմերելի: Լրատվամիջոցների հաղորդմամբ, առաջին երկուսը հասել են դատարան՝ պարզելու, թե իրենցից որն է անմիջական ժառանգորդ ճյուղը:
Ընդհանրապես մինչ օրս Վրաստանում Բագրատիոնիների ուղիղ ժառանգորդ ընդունված է համարել Վրաստանցիների ճյուղը, որը ղեկավարում է Նուգզար Բագրիատիոնի-Վրաստանցին։
Նրա դուստր Աննան և Բարգրատիոնիների Մուխրանելիի ճյուղից Դավիթն ամուսնացել են 2009 թվականին։ Երկրում դա պատմական իրադարձություն է համարվել, սակայն շատ չանցած հայտարարվեց նրանց ամուսնալուծության մասին։
2011-ին ծնվել է նրանց որդին՝ Գեորգին, ում մկրտելով վրաց եկեղեցու հովվապետը, հռչակել է տոհմի ժառանգորդ։