Իմ գյուղը. Դամիա

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:

Մեր գյուղն էն է, 

Որ հպարտ,

Լեռների մեջ

միգապատ…

Իսկապես մեր գյուղը հպարտ թառել է լեռների գրկում։ Երեք կողմից շրջապատված է լեռներով։ Գյուղի դիմաց անծայրածիր հորիզոնն է, գյուղի դաշտերը, Դեբեդ գետը, Հայաստանի սահմանամերձ Դեբեդավան գյուղը։

Գյուղը հին պատմություն ունի։ Չմոռանամ ասել, որ այս փոքրիկ, բայց շեն հայկական գյուղը գտնվում է Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանում։

Գյուղը հիմնադրվել է 1850-ական թվականներին։

Գյուղ առաջինը ոտք են դրել Միսկարյանները, ովքեր գաղթել են Վանից (Արճեշից)։ Նրանք նախ եկել են գետամերձ բնակավայր, բայց վախից  բարձրացել և ծվարել են  լեռան ստորոտում։

Հետո եկել են Դարբինյանները՝ Մուշից, ապա Նալբանդյանները՝ Էրզրումից։ Նալբանդյանները նախ կանգ են առել Բագրատաշենում (նախկինում Լամբալու), հետո գնացել են Ղուշչի, ապա մեր գյուղ։

Գետամերձ շրջաններում (այդտեղով հոսում է Դեբեդ գետը) շատ մոծակ է եղել։ Նրանք էլ գաղթից մազապուրծ, հյուծված, տանջված, չեն դիմացել պայմաններին ու ավելի վերև են բարձրացել։

Դա արդեն մեր գյուղի տեղանքն էր։ Գյուղի վերևում՝ ժայռերի տակ, մի աղբյուր է բխում։ Դրա շուրջն էլ հարմարվել են եկվորները։ Բայց ջուրը քիչ էր, երկար հերթ են կանգնել՝ մի դույլ ջուր վերցնելու համար, որն էլ պատճառ է դարձել արտագաղթի։

Գյուղի բնակչության մեծամասնությունը տեղափոխվել է Հայաստանի տարբեր քաղաքներ։

Ջրի սակավության պատճառով գյուղը կոչվել է Դամիա, որը թարգմանաբար նշանակում է չոր։

Միսկարյաններից առանձնացել են իրենց պապերի անուններով Սողոմոնյանները, Սարգսյանները, Մովսիսյանները, Խաչատրյանները։ Վերջին երեք ազգերին անվանել են նաև իրիցեցի։

Հետո հայտնվել են Մխիթարյաններն ու Վանյանները, որոնք եկել են Կախեթիից։ Նրանք գաղթել են Սասունից։ Իսկ Բադալյանները եկել են Արցախից։ Նրանցից առանձնացել են Սողոմոնյանները։

Գյուղը մեծացել է։ Միսկարյանների մեջ տերտերի ընտանիք է եղել։ Նրանք էլ հիմնել են դպրոցը՝ նախ՝ եկեղեցուն կից, հետո դպրոց են կառուցել, որը եղել է յոթամյա։

Տարիներ անց, 1940 թվականին, դարձել է միջնակարգ, որը ղեկավարել է Մխիթար Բաղդասարյանը՝ Արցախից։ Նա աշխատել է մինչև1951 թվականը։ Երբ Սարիբեկ Նալբանդյանը ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Աշխարհագրության ֆակուլտետը, կնոջ՝ Լենա Միսկարյանի հետ (նա էլ ավարտել էր բանասիրության ֆակուլտետը) վերադարձել է և նշանակվել դպրոցի տնօրեն և աշխատել մինչև 2001 թվականը։

Հետո դպրոցի տնօրեն է նշանակվել Սիլվա Ամիրյանը, որի ջանքերով 2003 թվին դպրոցը նորից դարձել է միջնակարգ։

Դպրոցը տվել է շատ ու շատ կիրթ և առաջադեմ մարդիկ։

Գյուղի կոլեկտիվացման ժամանակ առանձնակի դեպքեր չեն եղել։ Գրեթե խաղաղ ճանապարհով է անցել։ Միայն մի մարդ է դեմ եղել՝ Հովսեփ Միսկարյանը։ Նրան էլ աքսորել են։

Երկար տարիներ գյուղը ղեկավարել են Նիկալ Վանյանը, Մուշեղ Նալբանդյանը, ապա Հրանտ Մխիթարյանը։

Հետո, 1988 թվին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, գյուղն էլ կորցրեց կառավարման իր ձևը։ Այժմ մի քանի գյուղերի կառավարում է մեկ գյուղապետ, որը հայ չէ։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի է, բայց դրա դեմ ոչինչ չենք կարող անել։ Մենք ապրում ենք Սփյուռքում։

Բայց մենք սիրում ենք մեր ծննդավայրը, մեր լեզուն, մեր սովորույթները, ամեն ինչ անում ենք մեր ինքնուրույնությունը պահելու համար։

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։

Պ. Սևակ

Հեղինակ՝ Դամիա գյուղի միջնակարգ դպրոցի

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյան (Բադալյան)